Արմինֆո."ՄՏՍ Հայաստան" ընկերության նոր սեփականատերը' կիպրական Fedilco Group Limited-ը, մտադիր է անհատույց հիմունքներով Հայաստանի սեփականությանը փոխանցել օպերատորի բաժնետոմսերի 20 տոկոսը:
"Նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ - ի ռազմավարական նշանակությունը պետության համար", - ասվում է ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է "Ինտերֆաքսը":
Ավելի վաղ՝ հունվարի 24-ին, ՄՏՍ-ը հայտարարել էր Հայաստանի Հանրապետությունում իր դուստր ընկերության՝ "ՄՏՍ Հայաստան" ՓԲԸ-ի (Viva-MTS ապրանքանիշը, սպասարկում է 2,3 միլիոն բաժանորդ) բաժնետոմսերի 100%-ի Կիպրոսի Fedilco Group Limited-ին վաճառելու գործարքի փակման մասին: Գործարքի պարագծի մեջ է մտել նաև "ՄոբիԴրամ" ՓԲԸ-ն, որը Հայաստանի շուկայում ֆինանսական ծառայություններ մատուցող վճարային համակարգ է, "ՄՏՍ Հայաստան"-ի 100% դուստր ընկերություն:
Մինչ գործարքը "ՄՏՍ Հայաստանը" պատկանում էր Aramayo Investments Limited-ին, որն, իր հերթին, լյուքսեմբուրգյան Allegretto Holding-ի միջոցով 100 տոկոսով ՄՏՍ-ի սեփականությունն էր: "Ինտերֆաքսի" տվյալներով, Fedilco Group Limited-ի շահառուներն են Չժե Ջանգը եւ Կոնստանտին Սոկոլովը: Aramayo Investments Limited-ից կիպրական Fedilco Group Limited-ին <ՄՏՍ Հայաստանի> 100% բաժնետոմսերի վաճառքին հայկական կարգավորիչը հավանություն էր տվել 2023 թվականի նոյեմբերին։ Fedilco-ի նմանատիպ հայտը հանձնաժողովի կողմից մերժվել էր 2023 թվականի ապրիլին, քանի որ այն "սպառնում էր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ պետական շահերին"