Երկուշաբթի, 29 Հունվարի 2024 18:40
Ալինա Հովհաննիսյան

ԿԲ փոխնախագահ. Հնդկաստանից Հայաստան աշխատանքային միգրանտների ներհոսքը զսպող ազդեցություն կունենա աշխատավարձերի աճի համատեքստում

ԿԲ փոխնախագահ. Հնդկաստանից Հայաստան աշխատանքային միգրանտների ներհոսքը զսպող ազդեցություն կունենա աշխատավարձերի աճի համատեքստում

Արմինֆո.2023 թվականի հունվարից Հնդկաստանից Հայաստան է ժամանել, ընդհանուր առմամբ, շուրջ 16 հազար աշխատանքային միգրանտ։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ Amundi-Acba Asset Management ամենամյա տնտեսական համաժողովի ընթացքում ներկայացնելով երկրի մակրոտնտեսական միջավայրի մասին զեկույցը: "Սա էական ցուցանիշ է, որը ցույց է տալիս աճի բարձր տեմպեր", - նշել է նա։

Սակայն այդ գործոնը, ԿԲ փոխնախագահի խոսքով, զսպող ազդեցություն կունենա Հայաստանում աշխատավարձերի աճի համատեքստում։ "Քանի որ մենք ունենք ցածր վարձատրվող աշխատուժի մեծ ներհոսք", - պարզաբանել է նա: Նուրբեկյանն այդ առնչությամբ հիշեցրել է, որ Հայաստանում 2023 թվականի ընթացքում պահպանվել է աշխատավարձերի էական աճ՝ ինչպես եռամսյակային, այնպես էլ տարեկան կտրվածքով ՝ մոտ 10 տոկոսով։

 

Զուգահեռ անցկացնելով Հայաստանում և Հնդկաստանում աշխատավարձերի միջև ՝ նա նշել է, որ մինչև 2021 թվականը իրավիճակը կայուն էր, սակայն այդ ժամանակահատվածից հետո  տարբերությունը կրկնապատկվել է ։ "Մենք արդեն միացել ենք միգրացիոն ցանցերին, քանի որ ուժեղ տնտեսական մոտիվացիա է առաջացել աշխատավարձերի էական տարբերության տեսքով, ինչի հետ կապված միգրացիոն հոսքերը դառնում են բավականին ճկուն, եւ արդյունքում մենք ունենք աշխատուժի մեծ ներհոսք, ինչն էլ տեղի է ունենում", - պարզաբանել է նա:

 

Նշենք, որ Amundi-Acba Asset Management տնտեսական համաժողովը Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ և նպատակ ունի մեկ հարթակում համախմբել կարծիքներիի առաջնորդների, ճյուղային փորձագետների և նորարարների՝ ուսումնասիրելու և քննարկելու ժամանակի հիմնական մարտահրավերները, միտումները և տնտեսական միջավայրը ձևավորող այլ կարևոր թեմաներ: Համաժողովի շրջանակներում ներկայացվել են շնորհանդեսներ հետևյալ թեմաներով.  "Ամունդիի ներդրումային տեսլականը աշխարհի և Հայաստանի համար՝ 2024 թ.", "Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը", " Արհեստական բանականություն և ԷՍԳ սկզբունքներ (բնապահպանական, սոցիալական և կառավարչական)"; տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ նվիրված կայուն ֆինանսների համար արհեստական բանականության խնդիրներին և հնարավորություններին: Համաժողովի ավարտին տեղի է ունեցել հարցազրույց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ՝ "Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա" թեմայով:

 

Նշենք, որ Amundi-Acba Asset Management կառավարող ընկերությունը, որը ՀՀ ԿԲ-ում գրանցվել է 2013թ. նոյեմբերի 19-ին, գործում է Հայաստանում 2014թ. հունվարի 1-ից ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակում: 2024թ. ընկերության կառավարման ներքո գտնվող ակտիվները հասել են 417 մլրդ դրամի, ինչը 16%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: "Ամունդի - Ակբա Ասեթ Մենեջմենթ" ՊՖ - ի բաժնետերերն են ֆրանսիական Amundi Asset Management ընկերությունը ՝ 51% բաժնեմասով, և ԱԿԲԱ Բանկը ՝ 49%: