Արմինֆո. Այն, ինչ հանրային մուլտիպլեքսում թույլատրվում է հայկական հեռուստաալիքներին, չի թույլատրվում արտասահմանյան հեռուստաալիքներին։ Այդ մասին հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ մեկնաբանելով ռուսական մի շարք հեռուստաալիքների վերաբերյալ հանձնաժողովի վերջերս կայացրած որոշումը։
Հակոբյանի ասելով՝ Հայաստանը ձևավորում է իր տեղեկատվական օրակարգը՝ իրադարձությունները լուսաբանելու սեփական դիրքորոշմամբ, այն ամենի քննադատությամբ, ինչ տեղի է ունենում երկրում, բայց հանրապետությունը, լինելով ինքնիշխան պետություն, չպետք է թույլ տա, որ արտասահմանյան ափերին նստած անձը վերջին բառերով հայհոյի իշխանություններին ու ժողովրդին, անկախ հանգամանքից՝ մարդիկ սիրում են այս իշխանություններին, թե ոչ ։ "Տեղի է ունեցել օրենքի ակնհայտ խախտում, երբ վիրավորանքներ և, նույնիսկ, սպառնալիքներ հնչեցին Հայաստանի ղեկավարության հասցեին։ Հանձնաժողովի կողմից իրականացված մոնիտորինգի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որի համաձայն , 30 օրով "Սպուտնիկ Արմենիա" ռադիոն զրկվել է եթերից", - նշել է հանձնաժողովի ղեկավարը։
Նա հավելել է, որ ներկայումս Հայաստանի հեռուստաալիքներում ռուսական բովանդակություն գրեթե չկա։ "Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում հեռարձակվում են երկու երկրների միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրին համապատասխան, ըստ որի, Հայաստանում դրանց հեռարձակումը դադարեցնելու որևէ մեխանիզմ չկա։ Մեր հանձնաժողովի վրա դրված է միայն մոնիթորինգի մեխանիզմը", - ասել է հանձնաժողովի նախագահը, հավելելով, որ ռուսական եթերում արձանագրված խախտումների դեպքում Հանձնաժողովը համապատասխան տեղեկանք է ուղարկում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որպեսզի իրենք ռուսական կողմի գործընկերների հետ փորձեն լուծել այդ խնդիրը։ Սակայն, ցավոք, գերատեսչությունը միշտ չէ, որ օպերատիվ կերպով է արձագանքում առկա խնդիրներին։ "Հույս ունեմ, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նոր նախարարն ավելի հետևողական կլինի, որպեսզի բացառվի այդ հեռուստաալիքներով Հայաստանի ներքին գործերին միջամտելու հնարավորությունը", - նշել է նա:
Հակոբյանը համոզված է, որ ոչ մի օտարերկրյա հեռարձակող, անկախ այն հանգամանքից, բարեկամ երկիր է, թե ոչ, չպետք է ներկա լինի հանրային մուլտիպլեքսում, որը նախատեսված է միայն տեղական արտադրողների համար: Նա հույս է հայտնել, որ վաղ թե ուշ դա կհաջողվի անել։