Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 17:38
Նաիրա Բադալյան

Իշխանությունները երկարաձգել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը

Իշխանությունները երկարաձգել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի գործողության ժամկետը

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում:

Ծրագրի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակն է վերանայել ծրագրի պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին ևս միանալ ծրագրին և կազմակերպության սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում, ինչպես նաև երկարաձգել ծրագրի գործողության ժամկետը՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը:

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այս պահին հաստատվել է 412 շահառուի հայտ: Դրանք, ըստ մարզերի, բաշխված են հետևյալ կերպ. Տավուշի մարզ՝ 239, Սյունիք՝ 54, Արարատ՝ 50, Վայոց ձոր՝ 47, Գեղարքունիքի մարզ՝ 22: «Այս 412 բավարարված հայտերը գտնվում են ամենատարբեր փուլերում: Նաև պոտենցիալ շահառուների թիվն է ավելի շատ, որովհետև ունենք շատ դեպքեր, երբ քաղաքացիները ստացել են շինթույլտվությունը, բայց դեռ բանկ չեն դիմել»,- ասել է Նարեկ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ հող սահմանամերձ բնակավայրում, ամուսնության վկայական և ամուսիններից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի, ինչպես նաև շինթույլտվություն ու նախագիծ: Նախարարը նշել է նաև, որ ծրագրի շրջանակում մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 մլրդ դրամի վարկ։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 տոկոս տոկոսադրույքի չափով մարման համար։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել ծրագրի լավարկման վերաբերյալ: Նա նշել է, որ 2022 հոկտեմբերից հետո, երբ այս որոշումը կայացվել է, ծրագրի դիմորդները քիչ են եղել: Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդեն 412 շահառու ունենալը վատ ցուցանիշ չէ և նշանակում է, որ սահմանամերձ գյուղերում համատարած այդ շինարարություններն իրականացվում են: «Փաստորեն վարկը տալիս է բանկը, բայց և՛ մայր գումարը, և՛ տոկոսը վճարում է կառավարությունը: Գումարը 16 մլն դրամ է: Եթե քաղաքացին ուզում է 16 մլն դրամից ավելի, ինքն էլ իր կողմից կարող է 1 մլն, 2 մլն, 5 մլն դրամ ավելացնել: Այդ 16 մլն դրամի և՛ տոկոսը, և՛ մայր գումարը կվճարի կառավարությունը, բայց ավելի հատվածն արդեն քաղաքացիներն իրենք կսպասարկեն»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու են բանկերը մերժում վարկի տրամադրումը նույնիսկ այն դեպքում, երբ մայր գումարն ու տոկոսները կառավարությունն է մարում և նշել, որ բանկերի կողմից մերժման հիմքն այն է, որ վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացուն տրանշներով տրվող գումարները կարող են ոչ նպատակային օգտագործվել: «Ես համոզված եմ, որ և՛ Կենտրոնական բանկը, և՛ բանկերը, և՛ կառավարությունը, և՛ նախարարությունը, բոլոր այն դեպքերում, երբ իրադրությունը շտկելի է՝ կփորձենք այդ հարցում աջակցել: Բայց մեր իրականության մեջ շատ կարևոր արձանագրում պետք է լինի՝ ընդհանրապես վարկային պատմություններն ապագայի համար շատ կարևոր են, և սա որպես կուլտուրա պետք է ձևավորվի: Այս առումով, իհարկե, ծայրահեղությունից ծայրահեղություն չպետք է ընկնենք, բայց նաև այս կուլտուրան պետք է ներդնենք, որ այո՛, եթե մարդը որոշակի պատմություններ ունի կուտակած, դա չի կարող ազդեցություն չունենալ»,-հավելել է գործադիրի ղեկավարը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ի սկզբանե ծրագրին մասնակցությունը պահանջում էր անշարժ կամ շարժական գույքի գրավադրում: «Եվ նաև սա էր պատճառը, որ ծրագիրը չէր աշխատում: Հիշում եք նաև, որ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում, երբ Տեղ գյուղում այս թեմայով խոսակցություն եղավ, ճիշտ է խոսակցության պահին արդեն այդ հարցը մենք լուծել էինք: Բայց չենք կարող ուղղակի ասել՝ ով փող է ուզում, եկեք տանք, որովհետև ծրագիրը նպատակային է, պետք է երաշխիք լինի, որ օգտագործվելու է այն նպատակով, ինչի համար տրվում է»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ ծրագրի շրջանակում կառուցված տունը 10 տարի օտարման սահմանափակում ունի:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է նաև ծրագրի հետ կապված ևս երկու հարակից հարց: Ըստ այդմ՝ ծրագիրը նախատեսված է ամուսնացած զույգերի համար, քանի որ ի սկզբանե քաղաքացիների կողմից այդ խնդիրն է բարձրաձայնվել, որ ամուսնացած զույգերը բախվում են տան հարցը լուծելու խնդրին: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը նախատեսված չէ միայն տվյալ գյուղում հաշվառված անձանց համար, կան դեպքեր, երբ այլ բնակավայրերից տեղափոխվում են սահմանամերձ բնակավայերեր: «Նույնիսկ նրանք, ովքեր տներ են կառուցում հետագայում հյուրատան կամ այս կարգի օբյեկտի վերածելու համար, այդտեղ էլ խնդիր չենք տեսնում, ընդհակառակը՝ դա էլ է գյուղի համար լավ, և տնտեսական աշխուժություն կմտցնի»,-նշել է վարչապետը:

Նշել է նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները նույնպես կարող են օգտվել այս ծրագրից: Այդ համատեքստում՝ վարչապետը նշել է, որ 2023 թվականի դրությամբ պետական բյուջեից 34 մլրդ է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման նպատակով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի նույն պայմաններով, ինչ ՀՀ քաղաքացիների համար: Այսինքն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները, եթե բավարարում են ծրագրի վերոնշյալ պայմաններին, կարող են հենց այս պահին էլ դիմել և մասնակցել ծրագրին:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է, որ մարզում այս պահին 239 վարկ է հաստատված, որոնցից մոտ 80 տոկոսը շինարարական աշխատանքները սկսել են: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին ավելացրել է, որ մարզում հաստատված է 22 ծրագիր, սակայն ոչ մի ծրագրով շինարարություն դեռ չի սկսվել: Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ներկայացմամբ, 66 հայտից հաստատվել է 47-ը, որոշ տեղերում աշխատանքները սկսվել են: