Արմինֆո.Արձագանքելով քաղաքացիների օբյեկտիվ դժգոհությանը ՝ Հայաստանի իշխանությունները որոշել են արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին օրենքով սահմանված ժամկետում չհարկել, եթե նրանք եկամտային հարկ են վճարել եկամուտ ստանալու երկրում: Այդ մասին փետրվարի 23-ին կառավարության նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանի ասելով՝ Հայաստանի հարկային պատմության ողջ ընթացքում գործել է ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ստացված եկամուտներից հարկի վճարման կարգը՝ հաշվի առնելով կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագրերի շրջանակներում բոլոր բացառությունները:
Ընդ որում, բացակայում էին այդ որոշման իրականացման մեխանիզմները։ Այն բանից հետո, երբ Հայաստանը 2020 թվականին միացավ ԱՊՀ երկրների քաղաքացիների եկամուտների և վճարված հարկերի մասին տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին համաձայնագրին, ՀՀ հարկային մարմինը տեղեկատվություն ստացավ ԱՊՀ մասնակից պետություններում ֆիզիկական անձանց կողմից ստացված եկամուտների մասին: < Տեղեկատվությունը ստացվել է առաջին անգամ և, ինչպես հարկն է, հարկային մարմինը սկսել է մեղմ վարչարարություն. քաղաքացիները ծանուցվել են ձևավորված հարկային պարտավորությունների մասին>, - նշել է ՊԵԿ նախագահը։
Ինչպես նշել է գլխավոր հարկայինը, քաղաքացիների դժգոհությունն ունի մի շարք օբյեկտիվ հիմնավորումներ։ Այսպես, ստացվում է, որ նրանք, ովքեր պաշտոնապես աշխատանք են ունեցել ՌԴ-ում, հարկեր են վճարել վաստակի երկրում, պարտավոր են հարկ վճարել նաև ՀՀ-ում, իսկ չգրանցվածները այդպես էլ կմնան "գորշ գոտում"։ Բացի այդ, քաղաքացիները տեղեկացված չեն եղել նման պարտականության մասին, ինչի կապակցությամբ ձևավորվել են նաև տույժեր և տուգանքներ ժամկետանց հարկային պարտավորության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, անդրադառնալով փետրվարի 21-ին Երևան-Մարտունի մայրուղին փակած Գեղարքունիքի մարզի բնակիչների դժգոհությանը, որոնք պահանջել են չեղարկել ՊԵԿ-ի որոշումը, կոչ է արել նրանց վերանայել իրենց վերաբերմունքը հարկերի վճարման ինստիտուտի նկատմամբ: Նրա խոսքով ՝ հենց քաղաքացիների վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում ճանապարհներ, բժշկական կենտրոններ, դպրոցներ և մանկապարտեզներ, այդ թվում՝ տվյալ մարզում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ժամանակավոր աշխատանքի նպատակով Ռուսաստան մեկնած հազարավոր քաղաքացիներ, վերադառնալով տուն, ՊԵԿ-ից նամակներ էին ստացել, որ ունեն 100 հազարից մինչև 1 միլիոն դրամի հարկային պարտք: Ռուսաստանում եկամտահարկի դրույքաչափը կազմում է 13%, իսկ Հայաստանում ՝ 20%։ Այդ տարբերությունը 7% է և պետք է վճարվի աշխատանքային միգրանտների կողմից, գումարած յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0,04% (տույժեր և տուգանքներ): Հատկանշական է, որ քաղաքացիները նախապես տեղյակ չեն եղել այդ մասին։
Գեղարքունիքից արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները փաստել են, որ Հայաստանի Հանրապետությունը սեզոնային աշխատանքի ժամանակ իրենց չի ապահովում ոչ աշխատանքով, ոչ բժշկական ապահովագրությամբ, ոչ Ռուսաստանում բնակության վայրով, բայց, փոխարենը, հարկում է: Եվ սա այն ֆոնին, որ ռուբլու արժեզրկման պատճառով իրենց վաստակը մի քանի անգամ կրճատվել է։ <Մնացած կոպեկները, որոնցով վերադառնում ենք տուն, որպեսզի երեխաներին պահենք, ապագա զինվորին մեծացնենք, պետք է ուղղենք տուգանքի վճարմա՞նը: Իշխանությունն, ընդհանրապես, հոգ չի տանում մարզերի մասին, աշխատատեղեր չի ստեղծում ՝ ոչ արդյունաբերության, ոչ գյուղատնտեսության ոլորտում։ Միակ վաստակը Ռուսաստանում սեզոնային աշխատանքն է>, - նշել են Գեղարքունիքի բնակիչները։
2022 թվականի տվյալներով ՝ ՌԴ-ում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր ունեցող Հայաստանից աշխատանքային միգրանտների թիվը գերազանցում է 130 հազարը։