Արմինֆո.Առևտրային նավերի վրա հութիների հարձակումների առնչությամբ Կարմիր ծովում ծագած խնդիրների ֆոնին՝ Հայաստանը Հնդկաստանին առաջարկում է այլընտրանքային առևտրային երթուղի, որը կարող է երկիրը կապել Եվրոպայի հետ։ Այդ մասին հնդկական ANI գործակալությանը հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Նյու Դելիում ընթացող միջազգային քաղաքագիտական համաժողովի հարթակներում։
"Հայաստանը պատրաստ է Հնդկաստանին առաջարկել Եվրոպայի հետ կապող այլընտրանքային ծովային առևտրային ուղի", - ասել է նա, հավելելով, որ դա կարևոր է, քանի որ շատ երկրներ, ներառյալ Հնդկաստանը, փնտրում են այլընտրանքային ծովային ուղիներ Եվրոպայի և Արևմուտքի հետ առևտրի համար ՝ հաշվի առնելով Կարմիր ծովով անցնող առևտրային նավերի վրա հարձակումների ալիքը: "Հայաստանի կառավարությունը հանձնառու է տարածաշրջանային և գլոբալ խոշոր նախագծերում գործընկերության ձևավորմանը, ինչպիսիք են՝ "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային միջանցքը, Սև ծովով տրանսպորտի տարանցումը, ինչպես նաև տարանցիկ միջանցքը և Չաբահար նավահանգստի զարգացումը, որը Հնդկաստանի և Իրանի համատեղ նախագիծն է", - ասել է Նարեկ Մկրտչյանը:
Նշենք, որ հութիների վերջին հարձակումները զգալի թվով նավագնացության ընկերությունների ստիպել են փոխել իրենց նավերի երթուղիները՝ շրջանցելով Աֆրիկայի արեւմտյան ափերը: Դա երկարացնում է ճանապարհը, մեծացնում վառելիքի սպառումը և, որպես հետևանք՝ չվերթի ծախսերը: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն (CENTCOM) արդեն մանրամասն ծրագրեր է մշակել հութիների մի շարք առափնյա ռազմական օբյեկտների ոչնչացման համար: