Երկուշաբթի, 4 Մարտի 2024 18:53
Ալինա Հովհաննիսյան

Տեսչական մարմին․2023 թվականին "Մաքս Ֆիշ" ձեռնարկությունում խախտումներ չեն հայտնաբերվել

Տեսչական մարմին․2023 թվականին "Մաքս Ֆիշ" ձեռնարկությունում խախտումներ չեն հայտնաբերվել

Արմինֆո. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունից (Ռոսսելխոզնադզոր) ստացել է գրություն այն մասին, որ Հայաստանից ներմուծված «Մաքս Ֆիշ» ՍՊԸ ընկերության կողմից արտադրված իշխանի ձկնկիթի մեջ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ):

 

ՍԱՏՄ հաղորդագրության համաձայն, նկատի ունենալով արձանագրված արդյունքը, Եվրասիական տնտեսական միության անդամ մի պետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետություն փոխադրվող` հսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և (կամ) պահպանում իրականացնող կազմակերպությունների և անձանց ՀՀ ռեեստրում «Մաքս Ֆիշ» ՍՊԸ կազմակերպության կարգավիճակը «ուժեղացված լաբորատոր հսկողություն»-ից փոխվել է որպես «ժամանակավորապես սահմանափակված»։ Սահմանափակման մասին «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ն տեղեկացվել է:  ՌԴ լիազոր մարմինը խնդրել է պարզել խախտման հանգամանքները:

 

«Տեսչական մարմինը կձեռնարկի պետական վերահսկողության միջոցառումներ «Մաքս Ֆիշ» ՍՊԸ-ում, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Վերջին անգամ «Մաքս Ֆիշ» ընկերությունում ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել 2023թ-ին, խախտումներ չեն հայտնաբերվել», - ասվում է ՍԱՏՄ հաղորդագրությունում:

 

Նշենք ,որ "Մաքս Ֆիշ" ՍՊԸ-ն Հայաստանում ձկնաբուծության խոշորագույն ներկայացուցիչներից է: Գործունեության հիմնական տեսակներն են ձկնաբուծությունը ՝ թառափի, սաղմոնի ձկնատեսակների, իշխանի և այլ ձկնամթերքի աճեցումն ու վերարտադրությունը, ինչպես նաև ձկան և ծովամթերքի առևտուրը: Պատրաստի արտադրանքի մեծ մասն արտահանվում է և մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի խոշորագույն առևտրային ցանցերում ։ Ընկերությունը տիրապետում է Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ձկների արհեստական աճեցման համար նախատեսված ջրավազաններին, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 14 հա, որտեղ միաժամանակ կարող է պահվել շուրջ 2 250 տոննա ձուկ: