Հինգշաբթի, 7 Մարտի 2024 12:42
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքը

Հայաստանում ավտոմեքենաների տեխզննություն իրականացնելիս հարկ կլինի մարել միայն նախորդ տարիների հարկային պարտքը

Արմինֆո.Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում տեխզննության ժամանակ կպահանջվի վճարել միայն նախորդ տարիների պարտքը՝ հնարավորություն տալով գումարները տնօրինել մեքենայի սեփականատիրոջ հայեցողությամբ մինչև դեկտեմբերի 1-ը։

Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

 

«Հարկային օրենսգրքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա գույքահարկը կարելի է վճարել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Սակայն, միևնույն ժամանակ, օրենսգրքով սահմանված մեկ այլ դրույթ ֆիզիկական անձանց պարտավորեցնում է տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Այսինքն, եթե դուք մեքենան տեխզննման եք տանում, օրինակ, հունվարին կամ փետրվարին և գուքահարկի գծով նախորդ տարիներից պարտք չունեք, միևնույն է՝ ստիպված եք լինում վճարել այդ տարվա ամբողջ գույքահարկը», - նշել է Թունյանը: