Հինգշաբթի, 7 Մարտի 2024 15:22
Ալինա Հովհաննիսյան

էկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնում

էկոնոմիկայի նախարար. Հայկական ապրանքների համար Վերին Լարսը փակելու օբյեկտիվ պատճառներ չեմ տեսնում

Արմինֆո.Ես չեմ տեսնում որևէ հիմնավոր և օբյեկտիվ պատճառ, որպեսզի հնարավոր լինի փակել Վերին Լարսը հայկական ապրանքների համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ընդգծելով, որ դրա համար ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ աշխատանքային պատճառ չի տեսնում:

 

Նախարարի նման հայտարարությանն ի պատասխան՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մատնանշել են երկու երկրների միջև լարված հարաբերությունները, "Զվարթնոց" օդանավակայանից ռուս սահմանապահների հնարավոր դուրս բերումը, սակայն Պապոյանը միայն հակընդդեմ հարց է ուղղել. «Դուք կարծում եք, թե դա կարո՞ղ է հիմնավորում լինել»

 

 Վկայակոչելով առաջիկա հանդիպմանը՝ նախարարը շտապել է ավարտել լրագրողների հետ զրույցը, ընդգծելով, որ ռուսական կողմից այդ կապակցությամբ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել:

 

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե, իբր, Ռուսաստանի մաքսավորները հայ վարորդներին նախազգուշացրել են Վերին Լարսի անցակետը փակելու մասին, որ սահմանափակումները կվերաբերեն գյուղմթերքին և այլ պարենամթերքին: Բեռնափոխադրողների խոսքով ՝ ռուսական կողմը նշել է, որ նման որոշման պատճառները պարզաբանելու համար պետք է դիմել անմիջապես Հայաստանի իշխանություններին: