Երկուշաբթի, 11 Մարտի 2024 17:46
Մարիաննա Մկրտչյան

Այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարար

Այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո Լարսը ողջ տարին անցանելի կլինի. փոխնախարար

Արմինֆո. Լարսի այլընտրանքային ճանապարհի կառուցման ավարտից հետո "Վերին Լարս" անցակետը տարվա 365 օր անցանելի կլինի: Այդ մասին մարտի 11-ին խորհրդարանում հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

 

Նրա ասելով, դեպի "Վերին Լարս" անցակետ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցման նախագիծը կավարտվի ոչ թե 2024 թվականին, ինչպես նախատեսված էր, այլ՝ 2025 թվականին: Դրա շնորհիվ "Վերին Լարս" անցակետը, որն "ավանդաբար" փակվում է եղանակային պայմանների վատթարացման պատճառով, երբեմն, նույնիսկ, 2 ամսով, անցանելի կդառնա տարեկան 365 օր:

 

Նշենք, որ խոսքը Խաչի լեռնանցքի տակ գտնվող 9 կիլոմետրանոց թունելի մասին է։ Դա Մցխեթ- Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ ճանապարհի մի մասն է ։ Եռաշերտ թունելի տրամագիծը 15 մետր է, դրա երկայնքով երթևեկությունն անխափան կիրականացվի երկու ուղղություններով: Թունելում յուրաքանչյուր 500 մետրի վրա կան տարհանման ելքեր։ Թունելը և Կոբի գյուղից մինչև Քվեշեթի գյուղ 23 կմ շրջանցիկ հատվածի շինարարության ավարտը թույլ կտան ապահովել շուրջօրյա անխափան երթևեկություն այդ տարածքով դեպի Ռուսաստան և հակառակը: Սա կարևոր է նաև Հայաստանի համար. տեղական բեռները կկարողանան անարգել հասնել Ռուսաստան՝ առանց շաբաթներ շարունակ հերթերում  կանգնելու։ Թունելը թույլ կտա Թբիլիսիից մինչև Ստեփանծմինդա (ՌԴ սահման) ճանապարհորդության ժամանակը կրճատել 2 ժամ 30 րոպեից մինչև 1 ժամ 45 րոպե: