Երկուշաբթի, 18 Մարտի 2024 16:57
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում

ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում

Արմինֆո. Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանի, այլև ողջ հանրապետության տարածքի համար: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած "Տեսալսողական մեդիայի մասին"օրենքում կատարված փոփոխություններին:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն, Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է, որ հանրային հեռարձակողն ունենա համապետական սփռմամբ առավելագույնը երկու տեսալսողական ծրագիր: «Քանի որ Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետական բյուջեն է, ուստի արդար կլինի, որ անկախ բնակության վայրից ՀՀ բոլոր քաղաքացիների համար հասանելի լինի իրենց կողմից վճարվող հեռուստաալիքի սփռումը»,- ընդգծել է հեղինակը:

 

Անցումային դրույթներով ամրագրվում է, որ օրենքն ուժի մեջ մտնելու պահին սլոթի օգտագործման համապատասխան լիցենզիա ունեցող Հանրային հեռարձակողին մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթը 30 օրվա ընթացում կփոխարինվի հանրապետական սփռում ապահովող սլոթով:

 

Առաջին ընթերցմամբ նախագիծը քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում:

Հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը բարձրաձայնել է Ֆինանսների նախարարության այն դիտարկումը, ըստ որի` նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեից կհանգեցնի 64.8 մլն դրամ լրացուցիչ ծախսերի անհրաժեշտության, սակայն ինչպես ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով, այնպես էլ ՀՀ 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն: Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյոք հեղինակը քննարկել է այդ հարցը:

 

Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ հարցը քննարկվել է գործադիրում եւ փոփոխությունը բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի: Հեղինակը հիշեցրել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է ոչ միայն ՀՀ պետբյուջեից, այլ նաեւ օրենքով չարգելված այլ  եղանակներից: 
 
Հասմիկ Հակոբյանի բարձրաձայնած հարցին անդրադարձել է նաեւ նախագծի վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացնող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը. «Թե' 2024 թվականի, եւ թե' 2025 թվականի պետական բյուջեով, ինչպես նաեւ 2025-2027 թվականներին միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված չեն այս գումարները հատկացնել Հանրային հեռուստաընկերությանը: Սա նշանակում է, որ եթե բյուջեում փոփոխություններ չլինեն, ապա առնվազն մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը Հանրային հեռուստաընկերությունը, եթե ցանկանում է սփռվել հանրապետական ծածկույթով, սեփական միջոցների վերաբաշխման արդյունքում պետք է կատարի իր ֆինանսական պարտավորությունները»:

 

Հարակից զեկուցող, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի խոսքով նախաձեռնության ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում մայրաքաղաքային սփռում ունեցող Առաջին լրատվական ալիքը հասանելի դարձնելու ամբողջ հանրապետության համար: Պատգամավորի խոսքով ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը նախագիծը ենթարկել է իրավական, ֆինանսատնտեսական եւ սոցիալական փորձաքննության ու չի հայտնաբերել խնդրահարույց եւ հակասող դրույթներ: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: