Արմինֆո. Մարտի 30 - ից կասեցվում է Հայաստանի և Ռուսաստանի ազգային քարտային համակարգերի՝ ArCa-ի և "Միր"-ի զուգակցումը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Armenian Card ազգային վճարային համակարգում, բանկերը որոշում էն կայացրել ժամանակավորապես դադարեցնել հայկական բանկերի կողմից թողարկված ArCa քարտերի էքվայրինգը Ռուսաստանի Դաշնության տարածքում և, հակառակը, "Միր" քարտերի էքվայրինգը Հայաստանի տարածքում:
Հայաստանում կսպասարկվեն միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված «ՄԻՐ» քարտերը և բացառապես այդ բանկի բանկոմատային և պոստերինալ ցանցում: Այսօրվա դրությամբ բանկը թողարկել է ավելի քան 188 հազար "Միր" քարտ, այդ թվում' կենսաթոշակային քարտեր: Բանկի սպասարկող ենթակառուցվածքն ունի 201 բանկոմատ և 54 pos-տերմինալ: Բանկի մասնաճյուղային ցանցը բաղկացած է 53 բաժանմունքից:
Ինչպես հաղորդվում է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, Հայաստանի և Ռուսաստանի ազգային հarminean ամակարգերի զուգակցման բացակայությունը ոչ մի կերպ չի անդրադառնա ՎՏԲ-Հայաստան քարտերի աշխատանքի վրա: «ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: ՎՏԲ Խմբի բանկերի և ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես և նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ և Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով: ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով հասանելի են փոխանցումները, այդ թվում՝ միջազգային: Կախված երկրից՝ փոխանցումները կարող են իրականացվել հեռախոսահամարով կամ քարտի համարով, բանկային ռեկվիզիտներով կամ կանխիկի տրամադրմամբ: Դուք կարող եք կատարել անկանխիկ վճարումներ Ռուսաստանի տարածքում գործող առևտրի կետերում և կանխիկացնել միջոցներ ՌԴ տարածքում տեղակայված բանկոմատներից:
Սույն թվականի մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը չի մասնակցելու կենսաթոշակային/նպաստի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի պետական ծրագրին: 2024թ․-ի մարտին կատարված անկանխիկ վճարումներից ստացված հետվճարը մեր հաճախորդները կստանան մինչև սույն թվականի ապրիլի 25-ը՝ Բանկում գործող իրենց հաշվեհամարին»:
Նշենք, որ շուկայի մասնակիցները նման իրավիճակ էին սպասում ս.թ. փետրվարին ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցային սահմանափակումների 13-րդ փաթեթի ընդունումից հետո, որի տակ ընկավ նաև ռուսական "Միր" ԱՎՔՀ: Շուկայի վերլուծաբանների կարծիքով, վերոնշյալ որոշման առնչությամբ Հայաստանի վճարային շուկայում ոչ միանշանակ իրավիճակ կստեղծվի։ Ամենայն հավանականությամբ, ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերից ստացված միջոցների մի մասը կտեղափոխվի Armenian Card ԱՎՀ քարտերին, սակայն, զուգահեռաբար, Հայաստանում աշխատող ռելոկանտների մի մասը կնախընտրի լրացուցիչ քարտային հաշիվներ բացել ՎՏԲ-Հայաստան Բանկում ՝ դեպի Ռուսաստան և Ռուսաստանից միջոցներ փոխանցելու համար: Որոշ վնասներ կկրեն նաև հայկական բանկերը, իրավիճակը կանդրադառնա նաեւ արտահանման-ներմուծման փոքր ֆիրմաների ֆինանսական հոսքերի սահմանափակման, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտների ծավալների վրա։