Հինգշաբթի, 28 Մարտի 2024 14:18
Նաիրա Բադալյան

2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին

2024 թվին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա՝ պետական գանձարանից սուբսիդիաների հաշվին

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու մասին» որոշում: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023թ. նոյեմբերի 29-ին կայացած նիստում համապատասխան որոշմամբ հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թ. սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թ. սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում՝ 2024 թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա: 2024 թ. պետբյուջեի միջոցներից ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թ. համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205 992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 4.693 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

 

Հիմնավորման համաձայն՝ 2024 թ. պետբյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ՝ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց։ Քանի որ 2024թ. դեկտեմբերի մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի մինչև 2025թ. հունվարի 15-ը, հետևաբար, 2024 թ. դեկտեմբերի համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն ՀՀ 2025 թ. պետբյուջեի նախագծում: