Արմինֆո. Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս-Հարավ» մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին: Այդ մասին իր հոդվածում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության ինստիտուտի (Հայաստան) նախագահ Վահե Դավթյանը:
Նրա ասելով, Հայաստանի ռազմավարական կոլապսը բավականին ցայտուն արտահայտվում է էներգետիկ համակարգում, այս անգամ արդեն՝ վրացական ուղղությամբ: «Վերջերս հայտնի դարձավ, որ կառավարությունը հերթական անգամ հետաձգել է Հայաստան-Վրաստան էլեկտհաղորդման գծի ու դրան սպասարկող երկու ենթակայանների կառուցման աշխատանքները: Մրցույթին մասնակցող ընկերությունը՝ Siemens-ը ֆինանսական առաջարկ չի ներկայացրել՝ պարզաբանելով դա այլ շուկաներում գերզբաղվածությամբ: Երկրորդ մասնակիցն էլ հայտարարել է սնանկության մասին: Փաստացիորեն, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ միջազգային բիզնեսը պարզապես խուսափում է Հայաստանում որևէ երկարաժամկետ գործունեություն ծավալելուց՝ հաշվի առնելով առկա անվտանգային ռիսկերն ու անկանխատեսելիության բարձր աստիճանը», - արձանագրել է փորձագետը:
Նա նշել է այն բանի ակնհայտ լինելը, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման հերթական հետաձգումը, դրանում միջազգային բիզնեսի հետաքրքրության բացակայությունը ուղիղ կապված է նաև Երևանի կողմից իրականացվող ՛՛անկլավային քաղաքականության՛՛ հետ: «Հաշվի առնելով, որ անկլավների հանձնման պարագայում արմատապես փոխվելու է, իսկ իրականում՝ վտանգվելու է Հայաստանի ռազմավարական-հաղորդակցային ճարտարապետությունը, նոր միջպետական էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները ևս չեն կարող սկսվել՝ առանց նոր իրողություններն առնվազն հաշվի առնելու: Միջազգային բիզնեսը չի բացառում, որ ինչ-որ պահի պետք է էլեկտրահաղորդման գծի լոգիստիկան համաձայնեցնի նաև Բաքվի հետ: Վրաստան-Հայաստան գիծը պետք է շահագործման հանձնվեր դեռևս 2019 թ.-ին՝ որպես ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ էլեկտրաէներգետիկ միջանցքի մաս: Ընդ որում, առ այսօր պատրաստ չէ նաև նույն միջանցքի մաս կազմող Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գիծը: Արդյունքում, Հայաստանը դուրս է մղվում ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ մեգանախագծից՝ իր տեղը զիջելով Ադրբեջանին: Սա Հայաստանի շրջափակման, ՛՛անակոնդայի՛՛ մեթոդով նրա տնտեսական ու ենթակառուցվածքային համակարգերը խեղեդելուն ուղղված ծրագրի վառ դրսևորումներից է», - ամփոփել է Դավթյանը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հաղորդել էր, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման մրցույթը չի կայացել Դդմաշեն բնակավայրի մոտակայքում էլեկտրական ենթակայանի կառուցման հայտերի բացակայության պատճառով: Նրա խոսքով, երկու ընկերություններ՝ "Սիմենս"-ը եւ ABB-ն, որոնք երկու լոտով մասնակցում են նախաորակավորման մրցույթին, ֆինանսական առաջարկներ չեն ներկայացրել ինչպես բուն ենթակայանի, այնպես էլ հաստատուն հոսանքի ագույցի կառուցման համար: Ներկայումս այս նախագծի շուրջ բանակցություններ են ընթանում գերմանական KfW բանկի հետ, որը պահանջում է ուղիղ բանակցությունների անցկացում մասնագիտացված ընկերությունների հետ: Բանկն ավելի վաղ, որպես վարկի տրամադրման պայման, անհրաժեշտ էր համարել մրցույթին մասնակցել բացառապես եվրոպական ընկերությունների կողմից: Ռուս-ուկրաինական հակամարտության և էլեկտրաէներգիայի դեֆիցիտի ի հայտ գալու ֆոնին եվրոպական երկրները սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել էներգիայի վերականգնվող օբյեկտների կառուցմանը, հիմնականում, հողմային էլեկտրակայանների կառուցմանը, որոնցում ներգրավված էին նաև մրցույթին մասնակցող եվրոպական ընկերությունները, որոնք հայտարարեցին իրենց ծանրաբեռնվածության մասին՝ մինչև 2028 թվականը: Հայկական կողմը մտադիր է շինարարությանը ներգրավել չինական ընկերություններին եւ ամերիկյան "Ջեներալ Էլեկտրիկ" կոնցեռնին, որոնց հետ առայժմ բանակցություններ չեն ընթանում, քանի որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նախագծում եւ Դդմաշենում ենթակայանի փոխարեն նմանատիպ ենթակայան կառուցել Հրազդանի ՋԷԿ-ում: Այժմ այդ հարցի շուրջ բանակցություններ են ընթանում KfW - ի հետ, որոնց արդյունքները հայտնի կդառնան առաջիկա ամսվա ընթացքում։
Նշենք, որ "Հյուսիս-Հարավ" էներգետիկ միջանցքի կառուցման նախագիծը, որը կոչված է միավորել Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը, բախվել է մի շարք խնդիրների: Ի սկզբանե Իրան - Հայաստան և Հայաստան-Վրաստան 400/500 կիլովոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման նախագծերը նախատեսվում էր ավարտել 2019 թվականի վերջին: Մինչդեռ, այսօրվա դրությամբ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի վրա աշխատանքները կատարվել են 20-25 տոկոսով, իսկ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի շինարարությունը դեռ չի սկսվել ։ Նախագծի համաձայն, նախատեսվում է կառուցել Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գիծ և Հայաստան - Վրաստան 500 կՎ էլեկտրահաղորդման գիծ։ Այդ նպատակով Վրաստանի սահմանին նախատեսվում է կառուցել "Այրում" և "Դդմաշեն" Էլեկտրական ենթակայաններ։ Հայաստան - Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի նախնական արժեքը, ըստ FICHTNER ընկերության տվյալների, կազմում է 326,9 մլն եվրո, որի 10% - ը պետք է լինի Վրաստանի ներդրման մի մասը: Այդ նպատակով 2014-2015 թվականներին ստորագրվել է երեք վարկային համաձայնագիր։ Մասնավորապես, 168 մլն եվրո վարկի տեսքով հատկացրել է գերմանական KfW բանկը, ևս 10 մլն եվրո կտրամադրի Եվրոպական ներդրումային բանկը:
Ակնկալվում է ևս 10 մլն եվրո դրամաշնորհ Եվրոպական հանձնաժողովից։ Ինչ վերաբերում է Իրան - Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծին, ապա այս նախագծի ֆինանսավորումն իրականացնում է իրանական կողմը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107 մլն դոլար: Սակայն, հաշվի առնելով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցները, մտավախություն կա, որ այդ ներդրումային ծրագրի ծավալները կկրճատվեն: