Շաբաթ, 13 Ապրիլի 2024 12:23
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Արմինֆո.  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գիրինգին։

Կողմերը ողջունել են միմյանց, խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Ավստրալիայի միջև երկկողմ հարաբերությունների ձևավորման, այն զարգացնելու հնարավորությունների շուրջ։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության պատմությունը, գործառույթները, գործունեության յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականությանը, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, «Ինժեներական քաղաք» ծրագրի նշանակությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), թվայնացման, կիբեռանվտանգության, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներին և մի շարք այլ թեմաների։

Ջոն Գիրինգն իր հերթին նշել է, որ Ավստրալիայի տնտեսությունը հիմնված է առավելապես մասնավոր հատվածի վրա՝ հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներն են։

Դեսպանն անդրադարձել է նաև Ավստրալիայում հայկական սփյուռքին՝ համագործակցության ձևավորման և զարգացման համատեքստում կարևորել նրանց մասնակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև գործակցության ամրապնդման ուղղությամբ։