Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցն ամբողջությամբ.
Հարց- Այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս են այս քառորդ դարի ընթացքում զարգացել երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իսկապես, այս փաստաթուղթը դարձել է առանցքային հանգրվան երկկողմ գործընկերությունը սկզբունքորեն նոր մակարդակի հասցնելու ճանապարհին՝ մեծամասամբ ուրվագծելով մեր միջպետական հարաբերությունների ընդհանուր սկզբունքներն ու հիմնական առաջնահերթությունները։ Դրանից հետո անցած ժամանակաշրջանը հստակ ցույց տվեց, որ երկկողմ համագործակցության ներուժի հետագա զարգացումը լիովին համապատասխանում է հայ և ղազախ ժողովուրդների հիմնարար շահերին։
Այսօր մեր հարաբերություններն իրավամբ առանձնանում են իրենց ռազմավարական բնույթով և ներառում են վստահելի քաղաքական երկխոսություն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։ Ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել փոխադարձ քաղաքական կամքի առկայությունը, որը թույլ է տալիս առաջ շարժվել երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրով՝ հարստացնելով դրանք նոր բովանդակությամբ և ռազմավարական ուղենիշներով։ Մենք վճռական ենք զարգացնել երկկողմ հարաբերություններն իրական իրավահավասարության, փոխօգնության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միմյանց շահերի փոխադարձ հարգման սկզբունքների հիման վրա, որոնք հավասարապես թանկ են և՛ հայ, և՛ ղազախ ժողովուրդների համար։ Հենվելով դարավոր ամուր կապերի վրա՝ մեր երկրներն ակտիվորեն և նպատակաուղղված հանդես են գալիս միջպետական երկխոսության և համագործակցության համապարփակ և հետևողական աճի օգտին գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած երկկողմ և բազմակողմ ձևաչափերում քաղաքական փոխգործակցությունից և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումից, մինչև մշակութային և հումանիտար կապերի խորացում և միջտարածաշրջանային մակարդակով գործընկերային կապերի զարգացում: Միաժամանակ պետք է նշել, որ արդեն իսկ ունեցած լուրջ հիմքերի հետ մեկտեղ, անկասկած, ունենք բավականին լայն դաշտ հետագա համատեղ աշխատանքի համար։
Հարց - 2023 թվականին Ղազախստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 23 տոկոսով։ Սակայն, չնայած նման դինամիկային, մեր երկրների միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ներուժը հիմնականում իրացված չէ։ Ո՞ր ոլորտներն են, ըստ Ձեզ, առավել հեռանկարային համագործակցության համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Անցյալ տարվա երկկողմ ապրանքաշրջանառության աճը հաստատում է բիզնեսի պայմանները հեշտացնելու համար ստեղծված մեխանիզմների արդյունավետությունը, այնուամենայնիվ, կարելի է համաձայնել, որ պահանջվում են հետագա քայլեր փոխգործակցության նոր ձևերի որոնման համար, որոնք ուղղված են ոլորտային համագործակցությունը որակապես նոր՝ մեր երկրների առկա ներուժին ու զարգացման առաջնահերթություններին համապատասխան մակարդակի հասցնելուն։ Այս առումով առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նրա հերթական՝ տասներորդ նիստը, կայացել է այս տարվա ապրիլի սկզբին։ Հաշվի առնելով այն առանձնահատուկ ուշադրությունը, որը հատկացվեց տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացման և արտահանման-ներմուծման և տարանցման գործարքների նոր շղթաների բացահայտման խնդիրներին, մոտ ապագայում կարելի է ակնկալել համապատասխան արդյունքներ։ Ավանդական ոլորտների հետ մեկտեղ, ինչպիսիք են սննդի և ոսկերչության արդյունաբերությունը կամ դեղագործությունը, կարելի է խոսել նաև նորարար տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին (համատեղ ստարտափների բացում, սարքաշինություն, կրթության թվայնացում, ոլորտային ներդրումների խթանում և այլն): Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, հատուկ կարևորում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը։ Այս համատեքստում, ՀՀ կառավարությունը ներկայացրել է մեր տարածաշրջանի համար լայնածավալ «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագիծը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։ Այս նախագծի նպատակն է՝ ստեղծել առավել բարենպաստ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև էապես մեծացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի լոգիստիկ ներուժը՝ հիմնվելով երկրների ինքնիշխանության և իրավազորության նկատմամբ լիարժեք հարգանքի, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Բացի այդ, կարծում եմ, որ «բիզնեսը բիզնեսի համար» (B2B) ձևաչափով ուղղակի կապերի հաստատումը կարող է նպաստել նաև մեր երկրների առևտրատնտեսական ներուժի իրացմանը։ Այս առումով հատկանշական է հայ-ղազախական գործարար համաժողովի շրջանակում կատարված աշխատանքը, որը նույնպես տեղի ունեցավ այս ամսվա սկզբին Երևանում։
Հարց - Այսօր Ղազախստանում կա հայկական կապիտալով գրանցված ավելի քան 400 ընկերություն, մինչդեռ Ձեր երկրում ղազախական կապիտալով մոտ 100 ընկերություն է գործում տնտեսության տարբեր ոլորտներում։ Ինչո՞վ է Հայաստանը գրավիչ ղազախ գործարարների համար և, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մեր պետությունների համար ներդրումային ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՀՀ կառավարության վարած «բաց դռների» քաղաքականության շնորհիվ մեր երկրում ներդրումային գործունեության սահմանափակումներ գործնականում չկան։ Մեր կառավարությունը համակողմանի աջակցություն է ցուցաբերում օտարերկրյա ներդրողներին, այդ թվում՝ մեր ղազախ գործընկերներին։ Մենք առաջարկում ենք մի շարք ծրագրեր, որոնք պետական աջակցություն և ռեսուրսներ են տրամադրում ներդրումային նախագծերին, որոնք նպաստում են տնտեսական զարգացմանը և նորարարությանը: Նաև Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում ստեղծվել են բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմաններ, տրամադրվում է հարկային արտոնությունների համապարփակ փաթեթ և գործում են պարզեցված ընթացակարգեր։ Հայաստանը հետևողականորեն վարում է բազմավեկտոր արտաքին առևտրային քաղաքականություն, և դա՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի շրջանակներում Ղազախստանի հետ ունեցած առևտրի արտոնյալ ռեժիմը, ինչպես նաև առևտրային և տրանսպորտային ուղիները դիվերսիֆիկացնելու նպատակով երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ կարողությունները համատեղելու հնարավորությունը, մեր երկիրը գրավիչ է դարձնում ղազախ գործարարների համար:
Այս առումով, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի և Ղազախստանի գործարար համայնքների ներկայացուցիչների միջև ներդրումները խթանելու նպատակով ուղիղ շփումների կարևորությունը։ Երկու երկրների պետական կառույցները, վստահ եմ, իրենց հերթին կապահովեն կապիտալի համապատասխան պաշտպանությունը, ինչպես նաև ապահով և կանխատեսելի ներդրումային միջավայր:
Հարց - Ղազախստանն այսօր Կենտրոնական Ասիայի առաջատարն է թվայնացման ոլորտում՝ ֆինտեխից մինչև էլեկտրոնային կառավարում, և այս ուղղությամբ հետագա զարգացումը մնում է մեր երկրի առաջնահերթությունների շարքում։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների արդիականացմանը և գիտելիքի տնտեսության զարգացմանը։ Այս ոլորտում ի՞նչ փորձով կարող են փոխանակվել մեր երկրները միմյանց հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ՏՏ արդյունաբերությունը Հայաստանում վերջին տարիներին զգալի աճ է գրանցել՝ գործարարության համար բարենպաստ պայմանների, որակյալ աշխատուժի և կառավարության աջակցության շնորհիվ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում ցույց է տալիս կայուն՝ տարեկան 20% աճ, այն դարձնելով երկրի ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը։ Միջազգային ասպարեզում հայկական ընկերությունները մեծ համբավ ունեն ծրագրային ապահովման, մշակման, արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման, տեղեկատվական անվտանգության, ինչպես նաև ֆինտեխ նորարարական ստարտափների ոլորտներում։ Հաշվի առնելով երկու երկրների՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչների միջև առկա մեծ փոխադարձ հետաքրքրությունը, կարծում եմ, որ աշխատանքը, որը տարվում է այս ոլորտներում փոխգործակցության կոնկրետ մեխանիզմների և ձևերի որոշման ուղղությամբ, տեսանելի ապագայում կարող է վերածվել հեռանկարային համատեղ նախագծերի։
Հարց - Պարոն վարչապետ, ըստ Ձեզ, ԵԱՏՄ անդամ երկրների ջանքերի համադրումը կարո՞ղ է ստեղծել տնտեսական համագործակցության ավելի կայուն մոդել՝ հարթելով աշխարհաքաղաքական բեկումները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է՝ առանց որևէ քաղաքական և, հատկապես, աշխարհաքաղաքական օրակարգի։ Հայկական և ղազախական կողմերը հիմնականում կիսում են այս մոտեցումը և զարգացնում են փոխգործակցությունն այս տնտեսական միավորման շրջանակներում հենց այս տրամաբանությամբ։ Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի:
Հարց - Ղազախստանն ու Հայաստանը փոխգործակցում են ոչ միայն երկկողմ, այլ նաև բազմակողմ կառույցների շրջանակներում։ Արդյոք մեր երկրները փոխըմբռնում ունեն միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցերի շուրջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Բազմակողմ հարթակներում մեր հարաբերությունները նույնպես բնութագրվում են կանոնավոր փոխվստահելի շփումներով, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ մտքերի անկեղծ փոխանակմամբ և առաջացող խնդիրների համատեղ լուծումներ փնտրելու պատրաստակամությամբ։ Հայաստանը, ինչպես Ղազախստանը, առանձնահատուկ հոգածությամբ է վերաբերվում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հարգմանը, մասնավորապես՝ պետական ինքնիշխանության, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և հարգման, պետական սահմանների անխախտելիության ու անձեռնմխելիության հարցերում։ Մեր երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց տնտեսությունները և տարանցիկ ներուժը։ Ողջ վերը նշվածի համադրությունը միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում Հայաստանի և Ղազախստանի դիրքորոշումները միջազգային համայնապատկերի առանցքային հարցերի վերաբերյալ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բազմակողմ կառույցների շրջանակներում Երևանն ու Աստանան հաճախ ելնում են, եթե ոչ միշտ համընկնող, ապա շատ մոտ դիրքերից, Հայաստանը պատրաստ է փոխադարձ աջակցության հիման վրա էլ ավելի զարգացնել և խորացնել կառուցողական համագործակցությունը Ղազախստանի հետ տարբեր միջազգային և տարածաշրջանային հարթակներում:
Հարց - Ավանդաբար, հումանիտար կապերը և մարդկային շփումները մեծ ներդրում են ունենում պետությունների միջև փոխըմբռնման և համագործակցության զարգացման գործում: Ղազախստանում ապրում են մեծ թվով էթնիկ հայեր, ովքեր հնարավորություն ունեն զարգացնելու իրենց մշակույթն ու լեզուն, ամրապնդել կապերն իրենց պատմական հայրենիքի հետ։ Քանի՞ էթնիկ ղազախ է ապրում Հայաստանում։ Միջպետական մակարդակով ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի երկու ժողովուրդների մերձեցումը շարունակվի փոխադարձ հարգանքի և բարեկամության հիման վրա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պատմականորեն լինելով մեծ սփյուռք ունեցող ժողովուրդ՝ հայերը քաջ գիտակցում են, թե որքան կարևոր է ունենալ ազատ արտահայտվելու հնարավորություն և պահպանել իրենց լեզվական, էթնիկ, մշակութային և կրոնական ինքնությունը: Մեր կառավարության համար մարդկանց միջև կապեր հաստատելուն ուղղված պայմանների ստեղծումը, մշակութային և տեղեկատվական կենտրոնների և հայրենակցական միությունների գործունեությունը խրախուսելը կրում է առաջնահերթ բնույթ։ Այսօր Ղազախստանում ապրում և արարում են տասնյակ հազարավոր հայեր՝ իրենց զգալի ներդրումն ունենալով մեզ բարեկամ երկրի կայացման և զարգացման գործում։ Լինելով իրենց երկրի նվիրյալ քաղաքացիներ՝ նրանք միևնույն ժամանակ անում են ամեն ինչ իրենց ազգային ինքնությունը, լեզուն և ավանդույթները պահպանելու համար։ Մենք, իհարկե, խորապես շնորհակալ ենք Ղազախստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ ներառականության և հավասարության այդպիսի առողջ մթնոլորտ ստեղծելու համար։ Չնայած Հայաստանում բնակվող էթնիկ ղազախների համեմատաբար փոքր թվին, մեր ժողովուրդը միշտ համակրանքով և խորը վստահությամբ է վերաբերվել ղազախ ժողովրդին՝ բարձր գնահատելով մեր դարավոր բարեկամությունը