Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 15:06
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում

Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում

Արմինֆո.Հայաստանի գինեգործության եւ խաղողագործության  հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցել է Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության (OIV) 100–ամյակի միջոցառմանը

 

Հայաստանի գինեգործության եւ խաղողագործության  հիմնադրամի հաղորդագրության համաձայն, Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության մեկդարյա գործունեությունն ամփոփող միջոցառումը տեղի է ունեցել Իտալիայի Բրեշիա քաղաքում, որը հյուրընկալել է աշխարհի 20 երկրներ ներկայացնող նախարարների, դեսպանների և գինու ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների։

 

Հանդիպման ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց երկրներում խաղողագործության և գինեգործության ոլորտի մարտահրավերներն ու նվաճումները՝ ևս մեկ անգամ միաձայն կարևորելով գինու նշանակությունը՝ որպես մշակութային արժեք։

 

Զարուհի Մուրադյանն իր ելույթում ընդգծել է․«Հայաստանի կառավարության կողմից տնտեսության գերակա ճյուղ ճանաչված գինեգործության ոլորտը վերածնունդ է ապրում՝ տարեցտարի ներգրավելով ավելի շատ ներդրումներ։ Ոգեշնչված հազարամյա գինեգործական ավանդույթներով և դրանք ամրացնելով ժամանակակից տեխնոլոգիաներով ու գիտական ներուժով՝ այսօր մենք արտադրում ենք միջազգային չափանիշներին համապատասխան գինիներ։ Հայկական գինու արտադրության ծավալն առաջին հայացքից կարող է փոքր թվալ, բայց որպես նորից վերածնվող ոլորտ, կարծում եմ, բավականին լավ դիրքերում ենք՝ հատկապես հաշվի առնելով մեր գինիների մրցունակ որակը:

 

Համոզված եմ՝ լսել եք նաև լեգենդար հայկական կոնյակի մասին։ 1980-ական թթ–ին Հայաստանն ապահովում էր ամբողջ Խորհրդային Միության կոնյակի 25%–ը և գինիների 3%—ը։ Գինին մեր պատմության անբաժան մասն է, դրա վկայություններն ամենուր են՝ զարդաքանդակներում, ծիսական արարողակարգերում և առօրյայում։ Ուստի չվերադառնալ գինու գերակայության աշխարհ, մենք, իհարկե, չէինք կարող»։

 

Հիշեցնենք, որ Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպությունը միջկառավարական կառույց է, որը զբաղվում է խաղողագործության և գինեգործության տեխնիկական և գիտական ասպեկտներով: OIV-ի անդամ են 50 երկրներ։ Հայաստանը կազմակերպությանը միացել է 2014 թվականին ։

 

Ս. թ. հունվարին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Զարուհի Մուրադյանը նշել էր, որ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի գինեգործության և խաղողագործության ոլորտի նկատմամբ տարեցտարի աճում է: Մասնավորապես, ըստ հիմնադրամի տվյալների, եթե 2016 թվականին ոլորտում ներդրումների ծավալը կազմել է ընդամենը 3.7 մլրդ դրամ, ապա 2016-2022 թվականներին Հայաստանի գինեգործության և խաղողագործության ոլորտում ներդրումներն աճել են շուրջ 10 անգամ ՝ կազմելով 35 մլրդ դրամ ։ Նման ներդրումային հետաքրքրությունը, Մուրադյանի կարծիքով, պայմանավորված է, առաջին հերթին, Հայաստանում բիզնեսի վարման կարգի պարզեցմամբ։ Ավելին, եթե եվրոպական երկրներում գինեգործական բիզնեսի համար գործում են որոշակի կարգավորիչ սահմանափակումներ, այդ թվում ՝ ազատ հողերի և արտադրական տարածքների դեֆիցիտի պատճառով, ինչը դժվարացնում է բիզնեսի ընդլայնումը, ապա Հայաստանում առկա է դրա զարգացման բավարար ներուժ, և պարզեցվել է շուկա մուտք գործելու կարգը։

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն,  2023 թվականին Հայաստանում արտադրվել է

14.1 մլն լիտր գինի, ինչը 11.7% - ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը: Իսկ արդեն 2024թ. հունվար-փետրվարին գինու արտադրության ծավալները  31%-ով նվազել են՝ մինչեւ 1,3 մլն լիտր։