Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024 15:53
Նաիրա Բադալյան

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալական և տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես, նպաստել Կառավարության՝ փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրները լուծելու, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրումը հնարավոր դարձնելու քաղաքականությանը՝ խթանելով նաև Հայաստանում ԵՄ Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացումը: 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում. հայկական կողմի համաֆինանսավորում չի նախատեսվում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սոցիալ-տնտեսական դժվարությունների հաղթահարում՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջնահերթ (այդ թվում՝ սննդի) կարիքներ ունեցող փախստականներին աջակցելուն: Աջակցությունը նպատակաուղղված կլինի՝ օժանդակություն տրամադրելու Կառավարությանը՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու ծրագրեր իրականացնելու, մասնավորապես՝ միանվագ բազմանպատակ դրամական օգնություն տրամադրելու նպատակով: Գործողություններն ուղղված են լինելու փախստականների սկզբնական, այդ թվում՝ պարենային անվտանգության հետ կապված, կարիքների հրատապ օգնություն ցուցաբերելուն: Նախատեսվում է միջնաժամկետ սոցիալ-տնտեսական կայունության ապահովում, այդ թվում՝ փախստականների էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու և նրանց կացարաններով ապահովելու միջոցով: Այս նպատակի ներքո օժանդակություն կտրամադրվի Կառավարությանը՝ իրականացնելու աջակցության ծրագրեր ժամանակավոր կացարանի կարիքները և կոմունալ ծախսերը հոգալու համար: Նշված գործողությունները նպատակ կունենան՝ աջակցելու փախստականներին՝ բնակություն հաստատելու իրենց նախընտրած վայրերում, և նրանց կտրամադրվի 6-ամսյա սոցիալական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու և տնտեսական գործունեություն ծավալելու համար: Նախատեսվում է նաև փախստականների երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրում՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց և խոցելի խմբերին՝ ապահովելով նրանց ներառումը կրթական, սոցիալական և երեխաների պաշտպանության ու առողջապահական համակարգերում, ինտեգրումը աշխատաշուկային, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնումը։ Նպատակի ներքո աջակցություն կուղղվի փախստականների, այդ թվում՝ առավել խոցերի խմբերի (տարեցներ, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանեկան բռնության զոհեր և այլ խմբեր)՝ հանրային ծառայության ոլորտներում ներառման ապահովմանը (կրթություն, առողջապահությունը և սոցիալական աջակցություն)։ Գործողությունները նաև կաջակցեն փախստականների վերապատրաստմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը զբաղվածության առկա ծրագրերի ընդլայնման միջոցով` նրանց ինտեգրումն աշխատաշուկայում ապահովելու և սոցիալական պաշտպանության ծրագրերն ավարտին հասցնելու համար: Ընդհանուր առմամբ, ԼՂ փախստականների ավելի երկարաժամկետ, մասնավորապես՝ աշխատաշուկային ինտեգրմանը և կացարանի հետ կապված կայուն լուծումներին առնչվող կարիքները հոգալու համար կպահանջվեն վերլուծական հսկայական ջանքեր՝ հանրային ծառայությունների մատուցման մեխանիզմների ընդհանուր հզորացման նպատակով ապացույցների վրա հիմնված և արդյունավետ քաղաքականություն/ծրագրեր և ներդրումներ մշակելու համար: Հետևաբար, նպատակի ներքո գործողությունները կարող են ներառել, ի թիվս այլնի, տեխնիկական աջակցություն, վերլուծություն և տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, աջակցություն քաղաքականության մշակմանը, ինչպես նաև կարողությունների զարգացման միջոցառումներ և համակարգային բարեփոխումների իրականացում քաղաքականության համապատասխան ոլորտներում: Աջակցման միջոցառումների մաս կարող է լինել նաև իրազեկման և տեղեկատվական ներգործության գործողություններին աջակցությունը: Միևնույն ժամանակ, ներկայում եվրոպական կողմի հետ բանակցվում է համաձայնագիրը ևս 15 մլն եվրո բյուջետային աջակցությամբ համալրող նոր ֆինանսավորման համաձայնագրի նախագիծը, որը, համաձայն եվրոպական կողմից ստացված նախնական տեղեկատվության, կհաստատվի ս.թ. վերջին եռամսյակում:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, հավանություն է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է խթանել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը՝ զուգահեռաբար աջակցելով ՀՀ կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, հատկապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ինտեգրման ուղղությամբ, մասնավորապես, առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման առումով: Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ՝ ԵՄ-Հայաստան 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի շրջանակներում՝ առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի։ Գործողության շրջանակներում նախատեսվում է Թվինինգ ծրագրերի իրականացում: Գործողությունն ուղղված կլինի Հայաստանի սոցիալ-տնտեսական վերականգնմանը՝ նպատակ ունենալով՝ աջակցելու ԼՂ բռնի տեղահանված բնակչության ինտեգրմանը, ինչպես նաև Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացմանը: Հիմք ընդունելով առկա և ակնկալվող մարտահրավերները՝ այն ուղղված է բարեփոխումների կայունության և ԵՄ աջակցության որոշակիության ապահովմանը, մասնավորապես, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Գործողության համար հիմք է հանդիսանում ԵՄ տնտեսական և ներդրումային պլանը՝ որպես երկկողմ հարաբերություններում առանցքային բարեփոխումների խթանման և տնտեսության, էներգետիկ ու հաղորդակցության ուղիների կախվածության նվազեցման, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր գործիք: Գործողության շրջանակներում նախատեսվում է՝ Հայաստանին տրամադրել թիրախավորված ոլորտային, միջոլորտային և հորիզոնական աջակցություն՝ միաժամանակ արձագանքելով նոր, չնախատեսված և արագ փոփոխվող կարիքներին, մեղմել տեղահանված բնակչության ինտեգրման արդյունքում Հայաստանի սոցիալական պաշտպանության կառույցներում հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները՝ ընթացիկ և նախատեսվող բարեփոխումներին աջակցելու միջոցով, օժանդակել սոցիալական աջակցության և զբաղվածության ոլորտում ընթացիկ բարեփոխումներին՝ հաշվի առնելով դիմակայուն սոցիալական պաշտպանության համակարգի առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի բնակչության մոտ 3%-ը կազմող ավելի քան 100,000 բռնի տեղահանվածների ժամանման հետևանքով առաջացած պահանջարկը: Նախատեսվում է աջակցել առողջապահական բարեփոխումներին՝ հասցեագրելու անվճար առաջնային բուժօգնության հասանելիության պահանջները, ինչպես նաև Հայաստանի ողջ տարածքում առողջապահական հաստատությունների ընդլայնմանն ու կատարելագործմանը: Հաշվի առնելով առողջապահության ոլորտում ընթացիկ օրենսդրական բարեփոխումների համատեքստում համընդհանուր առողջության ապահովագրության ծրագրի ներդրման ուղղությամբ Կառավարության նախաձեռնությունը՝ գործիքի շրջանակներում հնարավոր կլինի ուսումնասիրել և Հայաստանում ներդնել ԵՄ լավագույն փորձը: Նախատեսվում է բարձրացնել ՀՀ կառավարության կարողություններն ընթացիկ բարեփոխումների գործընթացների և երկրի առանցքային ոլորտներում հետագա ներդրումների միջև սերտ փոխլրացման հնարավորությունները զարգացնելու միջոցով աջակցել սոցիալ-տնտեսական վերականգնմանը և ընդհանուր դիմակայունության ամրապնդմանը: