Ուրբաթ, 19 Ապրիլի 2024 16:16
Նաիրա Բադալյան

KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում

KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող և բանկի ներգրավվածությամբ նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները։


Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը և նշել, որ այդ հարաբերություններում կարևոր դեր ունի ՀՀ կառավարության և KfW-ի միջև փոխգործակցությունը:

Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) Ասիայում էներգետիկայի և ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը ընդգծել է, որ KfW-ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ նոր ծրագրերի իրականացման գործում: KfW-ի ներկայացուցիչն անդրադառնալով Հայաստանի հետ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերին, մասնավորապես, կարևորել է համատեղ նախագծերի իրականացումը: Նրա համոզմամբ, համատեղ ծրագրերը կնպաստեն ոլորտի շարունակական զարգացմանը:

Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:

 

KfW զարգացման բանկը Հայաստանում գործում է 1998 թվականից և այսօր հանդիսանում է Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատուն: Հայաստանի տնտեսության մեջ KfW-ի ներդրումների կուտակային  չափը անցած տարիներին կազմել է շուրջ 1.1 մլրդ եվրո: Գերմանիայի դաշնային կառավարության անունից այն աջակցում է նախագծերի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են. կայուն տնտեսական զարգացում, ուսուցում և զբաղվածություն, կլիմա և Էներգետիկա, արդար անցում, կայուն քաղաքային զարգացում, բնական ռեսուրսների պաշտպանություն: