Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։
ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Հիշեցնենք, որ Հայաստանում սկսվել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկին երկարաձգելու ծրագրի իրականացումը: Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 65 մլն դոլար։ Աշխատանքների հիմնական ճակատը կսկսվի մայիսի 15-ից, երբ բլոկը կկանգնեցվի պլանային նախազգուշական վերանորոգման և վառելիքի վերալիցքավորման համար: Ընդհանուր առմամբ, ՊՆՎ-ն կտևի 95 օր, որի ընթացքում կիրականացվեն հիմնական սարքավորումների զննման աշխատանքներ: Վերահսկիչ մարմինը՝ ի դեմս միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, պետք է առաջարկություններ ներկայացնի առաջնահերթ աշխատանքների կատարման վերաբերյալ, որոնք պետք է իրականացվեն առաջիկա երկու տարում՝ ատոմակայանի գործունեությունը շարունակելու լիցենզիա ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը որոշել էր ծրագրի իրականացման համար 65 մլն դոլար հատկացնել: Ծրագրի իրականացման աշխատանքներով կզբաղվի "Ռուսատոմ Սերվիսը", որի հետ կնքվել է համապատասխան համաձայնագիր: Նախագծի պատվիրատուն Հայկական ԱԷԿ-ն է, որը պետական միջոցներ կստանա բյուջետային վարկի տեսքով։ Մինչև 2036 թվականը նախատեսվում է շահագործման հանձնել նոր ատոմային բլոկ, որի հզորությունների վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են: