
Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ՀՀ Կառավարության անունից և «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից՝ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, այսօր ստորագրվել է նաև մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերությունը։
Համաշխարհային առևտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրին և «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը մասնակցելու մասին» որոշումը գործադիրը հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի 7-ի N 1529-Ա որոշմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ծրագրի իրականացումը պետք է սկսվեր 2024 թվականի հունվարի 1-ից, իսկ ավարտը նախատեսվում է 2028 թվականի դեկտեմբերի 31-ին: Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 15970 քմ: Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ նախագծի իրականացմանը մեծ նշանակություն է տրվում, քանի որ շինարարության ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է մոտ 212 մլն դոլար: Նախաձեռնության շնորհիվ նախատեսվում է ստեղծել առնվազն 10 հազար նոր աշխատատեղ։ Բացի այդ, հարկային վճարումները համայնքի բյուջե զգալիորեն կավելանան։ ՀԱԿ-ը կտեղակայվի Սարյան փողոցի <Հայփոստ> շենքի տեղում: