Երկուշաբթի, 13 Մայիսի 2024 11:38
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը

Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը

Արմինֆո.Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։ Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։

 

«Նշենք, որ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ԱՄՆ մայրցամաքից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։

 

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, մեծապես կարևորել է ԱՄՆ-ի, ինչպես նաև ամերիկյան տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և կրթական ոլորտների համար։ Նախարարը նաև ընդգծել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

 

«Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» ծրագիրը Ամերիկայի տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ բոլոր երկրները: Ծրագիրը համախմբում է անդամ և դիտորդ երկրների մինչև 50 բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողներին, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներին։

 

Ծրագիրը Հայաստանում անցկացնելու արդյունքում կստեղծվեն նոր գործարար կապեր և լուրջ նախադրյալներ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև կազմակերպության մշտական դիտորդ հանդիսացող պետությունների հետ տնտեսական և առևտրային փոխշահավետ հարաբերությունների հաստատման համար, ինչը, իր հերթին, կնպաստի հանրային և մասնավոր հատվածների փոխգործակցությանը, կապիտալ ներդրումների ներգրավմանն ու կրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանը», - ասվում է հաղորդագրությունում։