
Արմինֆո.Վերլուծելով 2024 թվականի առաջին եռամսյակի ՀՀ պետբյուջեի եկամուտների տվյալները՝ ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանն առաջարկում է մտածել ոսկեգործության շուկայի մասնակիցների վրա հարկային բեռի ավելացման մասին։
«Այս վերջին ամսվա լրահոսում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով անտեսվեց մի կարևոր տնտեսական փաստ՝ 2024թ-ի 1-ին եռամսյակում թեև պետական բյուջեի եկամուտներն աճել են 38.1 մլրդ դրամով*, այդուհանդերձ՝ պետական եկամուտների պլանը կատարվել է 93.2%-ով, ընդ որում՝ հարկային եկամուտների և պետական տուրքերի մասով կատարողականը ավելի ցածր է եղել 92.0%։
Սա «դեղին դրոշ» է, որը պահանջում է հարկային եկամուտների աճի նոր աղբյուրներ նույնականացնել, հարկման ավելի օպտիմալ մոտեցումներ ներդնել ու այս առումով ամենաիրատեսականը «ոսկերչության» ոլորտի հարկային բեռի բարձրացումն է։ Արդարության համար պետք է նշել, որ այս ուղղությամբ քայլեր արդեն իսկ ձեռնարկվում են», - գրել է փորձագետը սոցցանցի իր էջում։
Հայկազ Ֆանյանը նաեւ ներկայացնում է ԱԱՀ-ի հավաքագրման համեմատականը 2023թ-ի և 2024թ-ի 1-ին եռամսյակում։ Մասնավորապես, 2023 թվականի առաջին երեք ամիսներին ԱԱՀ-ի գծով հավաքագրումը կազմել է 165.6 մլրդ դրամ, իսկ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում՝ 164.3 միլիարդ:
Ընդ որում, ներմուծելիս ԱԱՀ-ը ս.թ. հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 26.6 մլրդ դրամով ՝ 2023թ. 115.5 մլրդ դրամից մինչև 2024թ. 88.9 մլրդ դրամ, ինչը, տնտեսագետի կարծիքով, հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների վերարտահանման բիզնեսի անկմամբ։ Հարկ է նշել նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում դրամը արժեզրկվել է 2.3%-ով, ինչը այլ հավասար պայմաններում պիտի նպաստեր հարկման բազայի աճին», - ամփոփել է նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, հղում անելով երկրի Ֆինանսների նախարարության տեղեկագրին, 2024 թվականի հունվար-մարտին պետբյուջեի եկամուտները կազմել են 525 մլրդ դրամ ՝ ճշտված 563.1 մլրդ դրամի և 2023 թվականի նույն ժամանակահատվածում փաստացի 483.6 մլրդ դրամի դիմաց: Կատարման մակարդակը ճշգրտված պլանի նկատմամբ կազմել է 93.2%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.6% - ով կամ շուրջ 41.4 մլրդ դրամով: Ըստ ֆինանսների նախարարության՝ պետական գանձարանի եկամուտների աճը մեծապես պայմանավորված է հարկային մուտքերի աճով։ Մասնավորապես, 2024 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը կազմել է առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշի 92%-ը։ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8.5% - ով կամ շուրջ 39.3 մլրդ դրամով, ինչը, հիմնականում, պայմանավորված է եկամտահարկից, շահութահարկից և սոցիալական վճարներից ստացվող մուտքերի աճով։ Իսկ ահա ԱԱՀ-ի գծով 164.3 մլրդ դրամ անկում է գրանցվել է՝ 2023 թվականի 165.6 մլրդ դրամի դիմաց (հաշվետու ժամանակաշրջանի հարկային եկամուտների և պետական տուրքերի 32.8%)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի մուտքերի նվազումը գոյացել է ՀՀ ներմուծվող ապրանքներից եկամուտների նվազման և ՀՀ-ում արտադրված ապրանքների ու ծառայությունների շրջանառությունից եկամուտների ավելացման արդյունքում, նշել են Ֆինանսների նախարարությունում: