
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" ներդրումային տրանսպորտային նախագծի գոնե մոտավոր արժեքը նշելուց և գերադասել է չնշել դրա իրականացման ժամկետները:
"Անհնար է գնահատել ամբողջ ծրագրի արժեքը, քանի որ մենք ունենք հատվածներ, որոնց համար դեռեւս նախագծանախահաշվային փաստաթղթեր չկան",- մայիսի 15 - ին հայտարարել է նա լրագրողներին՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի հարթակներում' "Հյուսիս-Հարավ" ներդրումային նախագծի Սիսիան-Քաջարան հարավային հատվածի ֆինանսավորման շուրջ 236 մլն եվրո գումարի վարկային համաձայնագրի ստորագրումից հետո:
Սակայն, նրա ասելով, արդեն կառուցվել են Արտաշատ-Աշտարակ, Թալին-Լանջիկ ճանապարհահատվածները, մի քանի ամսվա ընթացքում կավարտվի Լանջիկ-Գյումրի շինարարությունը, իսկ Աշտարակ-Թալին ճանապարհահատվածն իրականացման փուլում է: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, ներկայումս կառուցվում են մոտ 82 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ:
Բացի այդ, ճանապարհի ամենահարավային հատվածում (Ագարակ-Քաջարան) շինարարության նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, արդեն ընտրվել է կապալառու։ Շուտով կհայտարարվի Քաջարանի թունելի շինարարության համար մրցույթ։
Հիշեցնենք, որ "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային մեծ նախագիծը թույլ կտա Իրանի հետ սահմանից մինչեւ Վրաստանի հետ սահման 556 կմ տարածությունը կրճատել մինչև 490 կմ: Ճանապարհն էապես կհեշտացնի ելքը դեպի Սև ծով՝ ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Նախագիծը կապահովի ելք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ՝ Հայաստանի (Մեղրի - Կապան - Գորիս-Երևան - Աշտարակ - Գյումրի - Բավրա) և Վրաստանի տարածքով: Միջանցքի շինարարությունն ի սկզբանե նախատեսվում էր ավարտել 2019 թվականին ։ Ծրագրի արժեքը մշտապես վերանայվել է դեպի բարձրացում։ Մինչդեռ, 2012թ. սեպտեմբերին, երբ սկսվեց ավտոմայրուղու շինարարությունը, գումարը, որը նշում էին Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, մի քանի անգամ պակաս էր՝ 962 մլն դոլար: