Ուրբաթ, 17 Մայիսի 2024 15:42
Ալեքսանդր Ավանեսով

Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ

Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ

Արմինֆո. Մայիսի 17-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

 

ԱԺ հաղորդագրության համաձայն,  նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ` ոչ հավաստի լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը: Ակնկալվում է, որ փոփոխության արդյունքում կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական եւ ճշգրիտ ներկայացումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:

 

Զեկուցողի տեղեկացմամբ տվյալները ոչ հավաստի, սխալ լրացված լինելու դեպքում առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում   սահմանել պատասխանատվություն: Առաջին անգամ, երբ տեղեկատվությունը կլինի սխալ լրացված, դրան կհետեւի նախազգուշացումը: 1 ամսվա ընթացքում, եթե սխալը չուղղվի, ապա տուգանքը կկազմի 10 հազար դրամ: Երկրորդ անգամ, եթե 30 օրվա ընթացքում սխալը չուղղվի, ապա տուգանքը կկազմի նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափ:

Առաջարկվում է նաեւ օրենսգրքից հանել չգործող դրույթները: