Ուրբաթ, 24 Մայիսի 2024 16:10
Նաիրա Բադալյան

«Ուզում էինք՝ ավելի լավ, իսկ ստացվեց՝ ինչպես միշտ». Հայկազ Ֆանյանը՝ ANIF հիմնադրամի շուրջ ոդիսականի մասին

«Ուզում էինք՝ ավելի լավ, իսկ ստացվեց՝ ինչպես միշտ». Հայկազ Ֆանյանը՝ ANIF հիմնադրամի շուրջ ոդիսականի մասին

Արմինֆո.ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը համոզված է, որ չնայած ANIF հիմնադրամի շուրջ ծավալված ոդիսականին, չարժեր լուծարել կառույցը, որն  ստեղծվել էր 2019 թվականի մայիսին՝ "ձեռնարկատեր + պետություն" գործընկերության շրջանակում  Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրումներ ներգրավելու նպատակով:

 

«Ինչպես մեր իրականությունում հաճախ պատահում է՝ թացն էլ չորի հետ այրվում է։ Ասել կուզեմ՝ ANIF-ի շուրջ ընթացող ոդիսականը՝ հնարավոր կոռուպցիայով, 8-նիշանոց ամսական աշխատավարձերով և 10-նիշանոց բոնուսներով, շոկի են ենթարկում լսարանը ու կասկածից վեր սարքում համոզմունքը, որ ANIF-ը պետք է լուծարվի։ Այնինչ մոռանում ենք բուն նպատակը ինչի համար ստեղծվել էր։ Իսկ ANIF-ը ստեղծվել էր 2019թ-ին խոշոր ներդրումներ ներգրավելու և այդ ներդրողներին ամբողջական աջակցություն տրամադրելու համար։

 

Արդյո՞ք մեզ պետք է այդպիսի նպատակով քվազի պետական կառույց - իմ խորին համոզմամբ, այո՛, պետք է։ Ավելին, եթե վատ execution է եղել, դրա պատճառով կառույց չեն փակում, նպատակից չեն հրաժարվում, այլ փոխում են management-ը, սահմանում են թափանցիկության նոր կանոններ, աշխատավարձի շեմեր և այլն․․․ու գիտեք վատը որն է, ANIF-ի լուծարումից հետո դեռ երկար ժամանակ պետական ֆոբիա է լինելու երկրորդ նման կառույցը բացելու համար․․․

 

Մեկ այլ հարց է «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդը, որը ևս գործում էր ANIF-ի ներքո, ստեղծվել էր COVID-19-ի ժամանակ equity funding-ի միջոցով ակսելերացնելու տեղական ներդրումները տնտեսության իրական հատվածում։ Այս ֆոնդի գոյությունը, իհարկե, միանշանակ չի, եթե հաշվի առնենք, որ պետական համակարգում մի շարք այդպիսի կառույցներ կային (օրինակ, FREDA-ն), այդուհանդերձ, տվյալ ներդրումային ֆոնդը մի շարք ձեռնարկություններում ներդրումներ է կատարել ու ունի ակտիվներ, ի՞նչ է կատարվելու այս ֆոնդի հետ։ Այո՛, ես հասկանում եմ, որ իրավական առումով ANIF-ի լուծարումը ինքին չի ենթադրում, ֆոնդի կառավարիչի, առավել ևս ֆոնդի լուծարում, բայց ANIF-ը, տվյալ ֆոնդի կառավարիչը և ներդրումային ֆոնդը իրենցից մի միաձույլ կառույց են ներկայացնում և ANIF-ը լուծարելուց առաջ ճիշտ կլիներ նախ այդ ֆոնդի ակտիվները փոխանցել այլ նմանատիպ ֆոնդի (օրինակ, ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդին, որի կառավարիչը Ամբերն է), քանզի միամտություն կլինի այդ ֆոնդի միջնորդավորված կառավարում վերապահել ՊետԳույքԿոմին», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փորձագետը, հավելելով, որ սա հերթական պատմությունն է այն մասին, որ «ուզում էինք՝ ավելի լավ, իսկ ստացվեց՝ ինչպես միշտ»:

 

Հիշեցնենք, որ նախօրեին՝ մայիսի 23-ին, կառավարության նիստում որոշում է կայացվել լուծարել Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամը (ANIF): Մինչև լուծարման գործընթացի ավարտը հիմնադրամի կառավարումը կհանձնվի Պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշմանը կից հիմնավորումներում նշված չեն հիմնադրամի լուծարման պատճառներն ու հիմքերը, ինչպես նաև պարզ չէ, թե ինչ է լինելու ANIF-ի և նրա դուստր ընկերությունների ներդրումների հետ: ANIF-ի խոշորագույն նախագծերից մեկն ազգային ավիափոխադրող Fly Arna-ի ստեղծումն էր։ Տարեսկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց այս ծրագրի ձախողումը. ավիաընկերությունը դադարեցրեց թռիչքները, իսկ լիցենզիան հետ կանչվեց: Պետությունը Fly Arna-ում ներդրել է, առնվազն, 4,8 մլրդ դրամ (ավելի քան 12 մլն դոլար)։

 

ANIF-ի մեկ այլ խոշոր ներդրում էր արաբական "Մասդար" ընկերության հետ համատեղ արևային էլեկտրակայանի կառուցումը Թալինի Դաշտադեմ գյուղում։ Սակայն շինարարությունը չի սկսվել՝ չնայած նախատեսված ժամկետներին։

 

ANIF-ը նաեւ համաֆինանսավորում է տրամադրել Երեւանի կենտրոնում Hard Rock ռեստորանի բացման համար՝ դրա համար պետական միջոցներից ծախսելով առնվազն 500 հազար դոլար։ Թեեւ ռեստորանը գործում է, սակայն Արժույթի միջազգային հիմնադրամը կասկածներ է հայտնել նման ներդրումների նպատակահարմարության վերաբերյալ, ընդգծելով, որ ANIF-ը չպետք է ներդրումներ կատարի հանրային սննդի ոլորտում:

 

Հիմնադրամում կոռուպցիոն հանցագործությունների մասին գրել է "Հետքը"։ Ավելի վաղ ANIF-ի գործունեության ուսումնասիրությամբ զբաղվում էին միանգամից երեք մարմիններ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Պետական վերահսկողական ծառայությունը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) հետաքրքրվել է ANIF-ի գործունեությամբ ՝ Երևանի ներկայիս քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարույթի շրջանակում, որը վերաբերում էր նրա կողմից մի քանի պաշտոնների համատեղմանը: Վարույթը նախաձեռնվել էր 2022 թվականի դեկտեմբերի: