
Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է կառավարության գերակայություններին ու բարեփոխումներին տնտեսական աճի, կապիտալի շուկայի զարգացման, մարդկային կապիտալի ու կրիտիկական ենթակառուցվածքների բարելավման ուղղություններով` կարևորելով Համաշխարհային բանկի ներգրավմամբ այդ ոլորտներում միջազգային առաջատար փորձի ու գիտելիքի կիրառումը:
Ներառական տնտեսական աճի սահմանված թիրախներին հասնելու համատեքստում Ասադ Ալամը շեշտել է հանրային ու մասնավոր ներդրումների ներգրավման, կանաչ տնտեսության, ինչպես նաև թվային փոխակերպման շարունակական խթանման անհրաժեշտությունը:
Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակելու և առարկայացնելու համագործակցությունը վերոնշյալ ուղղություններով:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսերին հայտնի դարձավ, որ ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը Development Policy Operation (DPO) շրջանակներում Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարին համարժեք գումար՝ աջակցելով կանաչ, կայուն և ներառական զարգացման խթանմանն ուղղված բարեփոխումների ապահովմանը: DPO-ն ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (IBRD) 92,3 մլն եվրոյի (100 մլն դոլարին համարժեք) վարկային ֆինանսավորում եւ 16 մլն դոլարի արտոնյալ ֆինանսավորման գլոբալ մեխանիզմի (GCFF) դրամաշնորհ: Այս բյուջետային աջակցությունը կօգնի Հայաստանի կառավարությանը բարձրացնել կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականությունը և նվազեցնել խոցելիությունը ապագա ցնցումների նկատմամբ:
Հայաստանում գործունեության սկզբից ՝ 1992 թվականից մինչ օրս ՀԲ-ը շուրջ 2.7 մլրդ ԱՄՆ դոլար է տրամադրել IBRD-ի, Զարգացման միջազգային ասոցիացիայի (IDA) և տարբեր հավատարմագրային հիմնադրամների միջոցով: Հայաստանը IDA-ի դոնոր է դարձել 2023 թվականին։