Արմինֆո. Հայաստանը մտադիր է միանալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ): ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը հունիսի 3 - ի նիստում դրական եզրակացություն է տվել տվյալ ֆինանսական կառույցի հետ համաձայնագրի նախագծին:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, բանկը հիմնադրվել է 2015 թվականին ՉԺՀ կառավարության կողմից: ԵՆԱԲ-ը, հիմնականում, կենտրոնացած է տարբեր երկրներում ազգային մասշտաբի երկարաժամկետ նախագծերի ֆինանսավորման վրա: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը մտադիր է 37,4 մլն դոլարով ձեռք բերել բանկի 374 բաժնետոմս: Ընդ որում, երկրի կառավարությունն այդ բաժնետոմսերը ձեռք կբերի հինգ տարվա ընթացքում ՝ տարեկան վճարելով միջոցների 20 տոկոսը:
Հովակիմյանն ընդգծել է, որ հայկական կողմը դեռ 2017 թվականին հայտ էր ներկայացրել ԵՆԱԲ-ին անդամակցելու համար, որը, սակայն, այն ժամանակ մերժվեց, և միայն հիմա է հնարավորություն ստեղծվել միանալու համար, ինչը հետագայում թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել առկա բոլոր ռիսկերը և դիվերսիֆիկացնել երկրի տնտեսության զարգացման ուղղությունները:
Նշենք, որ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (Asian Infrastructure Investment Bank) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի ստեղծումը նախաձեռնել էր Չինաստանը 2013թ. հոկտեմբերին Ինդոնեզիայում կայացած "Ասիա - խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն" համաժողովի մասնակից տնտեսությունների առաջնորդների հանդիպման ժամանակ: Բանկը հիմնադրվել է 2014թ. հոկտեմբերի 24 - ին, երբ Պեկինում կայացած արարողության ժամանակ բանկի հիմնադիր երկրների միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: 2015թ. հունիսի 29-ին 57 հիմնադիր երկրների ներկայացուցիչներ ստորագրել են բանկի կանոնադրությունը, որը համաձայնագրի հոդվածների հետ մեկտեղ ամրագրել է բանկի գործունեության հիմնական սկզբունքները: 2024 թվականի հունվարի վերջի դրությամբ ԵՆԱԲ-ն ունի 109 անդամ պետություն ՝ 47 տարածաշրջանային և 48 ոչ տարածաշրջանային, ինչպես նաև կազմակերպությանը անդամակցելու 14 թեկնածու, այդ թվում՝ Հայաստանը։