Արմինֆո.Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ» հիմնադրամի (ԱՊՐԻ Արմենիա) հետ։ Հուշագիրը նախատեսում է ջանքերի միավորում 2024 թվականի նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024//DigiTec) կազմակերպման, հեղինակավոր հյուրերի ներգրավման եւ ճյուղային քաղաքականության մշակման համար:
WCIT2024//DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրով։ Չորս օր շարունակ WCIT2024//DigiTec-ը Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հարթակ դառնալով ոլորտի առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար։ Անվանի հյուրերի թվում են "ինչպես դաստիարակել հաջողակ մարդ" միջազգային բեսթսելերի հեղինակ Էսթեր Վոյջիցկին, ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը, Picsart-ի համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, TELUS-ի տեխնիկական տնօրեն Իբրահիմ Գեդեոնը և այլոք:
Համաժողովը կհյուրընկալի նաև մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլն միջոցառումներ: Ընդհանուր առմամբ Հայաստան կայցելեն շուրջ 2 հազար պատվիրակներ աշխարհի ավելի քան 80 երկրներից:
«Մենք շնորհակալ ենք «ԱՊՐԻ Արմենիա»-ին այս համագործակցության համար։ Փոխըմբռնման հուշագիրը նշանակալի քայլ է WCIT2024/DigiTec-ի հաջողության գործում: Ներդնելով մեր հսկայական փորձը, վստահ եմ, որ կկազմակերպենք ուշագրավ իրադարձություն, որը կզարգացնի տեխնոլոգիան և կնպաստի ոլորտի ընդլայնմանը Հայաստանում», - նշել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։