Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 16:13
Նաիրա Բադալյան

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 75 մլն եվրոյի վարկ կտրամադրի բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար

Արմինֆո. Հունիսի 26-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը»՝ քաղաքականության վրա հիմնված վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով: Ֆրանսիական կողմից վարկային համաձայնագիրը համաստորագրել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինին:

 

Ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների մատուցման արդյունավետությունը և կայունությունը ու ֆինանսական ոլորտի զարգացումը բարելավելու հարցում: Այն կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ 1) հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում, 2) պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդում և 3) ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում և առավել թափանցիկ կառավարման ապահովում։

 

Բյուջետային ֆինանսավորումը հանդիսանում է բազմամյա ծրագրի մաս, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ:

 

Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) հիմնադրվել է 1998 թվականին և հանդիսանում է Ֆրանսիայի Հանրապետության ֆինանսական մեխանիզմի երկկողմ զարգացման օպերատոր: Գտնվելով Ֆրանսիայի արտաքին գործերի, Էկոնոմիկայի և ֆինանսների, անդրծովյան տարածքների և ներքին գործերի նախարարությունների ենթակայության տակ՝ գործակալությունը առևտրաարդյունաբերական պետական հաստատություն է, և զարգացած երկրներում, և ֆրանսիական անդրծովյան տարածքներում պայքարում է աղքատության դեմ և նպաստում տնտեսական աճին: Հայաստանի Հանրապետության արդյունավետ համագործակցությունը ԶՖԳ-ի հետ սկսվել է դեռևս 2012 թվականից:

 

Նշենք, որ ՀՀ 2024թ. պետբյուջեի համաձայն, պետական գանձարանի պակասուրդը ընթացիկ տարում կկազմի 341,1 մլրդ դրամ (մոտ 880 մլն դոլար, ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը ՝ 385.9 դրամ 1 դոլարի դիմաց) կամ ՀՆԱ-ի 3,2% - ը։ Արդյունքում՝ կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունն ընթացիկ տարվա արդյունքներով կկազմի 48,4 տոկոս: Պարտքի այս մակարդակի պահպանումը թույլ կտա պահպանել ՀՀ կառավարության վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ "կայունության պահուստ" ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար, ինչպես նաև ունենալ պարտքի տոկոսավճարների կառավարելի մակարդակ: