Արմինֆո. Նախնական գնահատականների համաձայն, մետրոյի "Աջափնյակ" կայարանի շինարարությունը կավարտվի մինչև 2030-2032թթ.: Այս մասին հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Մասնավորապես, նշվել է, որ այդ ժամանակացույցը կազմվել է՝ հաշվի առնելով բոլոր հնարավոր ռիսկերն ու շեղումները, և կախված է նրանից, թե որն է լինելու ֆինանսավորման աղբյուրը: Ծրագրի պատասխանատուներն ամենաուշը օգոստոս ամսին ՀՀ ներդրումային կոմիտեին պետք է ներկայացնեն ծրագրի տնտեսական արդյունավետության գնահատականը և բանակցություններ վարեն ֆինանսավորման մասով: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) նախատեսվում է ավարտել ս.թ. հոկտեմբերին: 2025 թվականին դրան կհաջորդի համալիր պետական փորձաքննություն և մրցութային գործընթաց: Շինարարությունը, որը կտևի շուրջ 4 տարի, նախատեսվում է սկսել 2026 թվականին ։ Միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմում է 6 մլրդ դրամ, սակայն ներդրումային խորհրդի կողմից ծրագրի հաստատման արդյունքում դրա չափը կսրբագրվի: "Սա իրատեսական դրական սցենար է, որը կախված է ֆինանսավորման աղբյուրներից", - նշվել է քաղաքապետարանում:
Տիգրան Ավինյանն, իր հերթին, ընդգծել է, որ կարևոր է պրոակտիվ լինել կառավարության գործընկերների հետ տեխնիկական, ֆինանսական խնդիրների լուծման և փորձաքննությունների անցկացման հարցերում, որպեսզի ամեն ինչ ժամանակին կատարվի: "Մենք խոստում ենք տվել և այդ կայարանը կկառուցվի ։ Խնդրում եմ ինձ տեղյակ պահեք, որպեսզի հարկ եղած դեպքում ես էլ միջամտեմ ։ Որովհետև չի կարելի այդ բոլոր գործընթացները թողնել բյուրոկրատական ընթացքի վրա։ Այդպես նախագիծը կարող է դանդաղ մահով մահանալ", - ասել է քաղաքապետը։
RUB | 4.24 | -0.02 |
USD | 387.22 | 0.07 |
EUR | 427.49 | 0.00 |
GBP | 507.26 | 0.83 |
CAD | 285.43 | 0.03 |
JPY | 27.06 | 0.11 |
CNY | 54.39 | -0.01 |
CHF | 456.84 | 0.78 |