Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024 14:07
Նաիրա Բադալյան

Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է. Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ նոր ԱԷԿ-ի կառուցման մասին

Գնդակն ԱՄՆ-ի դաշտում է. Հայաստանի ԱԽ քարտուղարը՝ նոր ԱԷԿ-ի կառուցման մասին

Արմինֆո.Հայաստանը թեւակոխել է նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման առարկայական փուլ: Այդ մասին հուլիսի 3-ին հաղորդել  է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ "Հայաստան-Արեւելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերներ եւ հնարավորություններ" խորհրդաժողովի ընթացքում:

 

Գրիգորյանի խոսքով ՝ Հայաստանը որոշակի դիվերսիֆիկացման է հասել անվտանգության ոլորտում, իսկ տնտեսական ոլորտում դեռ շատ անելիքներ կան: Որոշ դեպքերում, նրա հավաստմամբ, երկրի իշխանությունները փորձում են հարցերը լուծել երկարաժամկետ հեռանկարում, օրինակ՝ նոր ԱԷԿ-ի կառուցման հարցում։

 

"Մենք այժմ ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտի կարգավորման հարցը, առանց որի մենք չենք կարող առաջ շարժվել։ Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է։ Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ում ներհամակարգային գործընթացների անցկացում, եւ այդ ժամանակ մենք կսկսենք աշխատել", - ասել է Գրիգորյանը։

 

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայկական ԱԷԿ-ում կսկսվի N2 էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագրի իրականացումը։ Այդ նպատակներին կուղղվի 20,2 մլրդ դրամ։ Նշված ժամկետին զուգընթաց երկրում պետք է կառուցվի նոր միջուկային էներգաբլոկ։ Հարցը տվյալ բլոկի հզորությունն է, որը պետք է համատեղվի երկրի էներգահամակարգի հետ։ Ավելի վաղ ԱՄՆ-ը Երեւանին առաջարկել էր փոքր մոդուլային ռեակտորների կառուցման իր տարբերակը, ինչի մասին հայտարարել էր ԱՄՆ կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին: Ռուսաստանի Դաշնությունն, Իր հերթին, առաջարկել է 1200 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի իր նախագիծը, սակայն, ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նման հզորության էներգաբլոկի կառուցումը հղի է խնդիրներով, քանի որ Հայաստանի ողջ էներգետիկ համակարգի հզորությունները կազմում են հենց 1200 ՄՎտ:

 

2024 թվականի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում հայտարարել էր, որ, չտիրապետելով մասնագիտական նրբություններին, քաղաքական առումով հետաքրքիր է համարում Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու տարբերակը։ <Վթարի դեպքում դրանց վրա արտակարգ իրավիճակների արձագանքման գոտիների ստեղծում չի պահանջվում: Այլ կերպ ասած՝ եթե վթար է տեղի ունեցել, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառի", - ասել էր վարչապետը։ Ի պատասխան՝ կոմիտեի պաշտոնյաները հայտարարել են, որ վթարը որակվում է որպես ներքին, այդ ռեակտորների համար վերանում է արտաքին վթարի հասկացությունը: