Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2024 14:09
Նաիրա Բադալյան

Հայաստանում հավաքագրված մաքսային եկամուտները նվազել են, բայց հարկային մարմնի կողմից հավաքագրված եկամուտներն աճել են

Հայաստանում հավաքագրված մաքսային եկամուտները նվազել են, բայց հարկային մարմնի կողմից հավաքագրված եկամուտներն աճել են

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են 1 տրլն 163.2 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 133.4 մլրդ դրամով կամ 13.0%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել են 186.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 62.9 մլրդ դրամով կամ 25.2%-ով:

 

«Մաքսային մարմնի կողմից ապահովված եկամուտների նվազումը պայմանավորված է տարբեր ապրանքների ներմուծման ծավալների կրճատմամբ:

 

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 162.2 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 32.1 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը, որը չի նվազեցվել եկամտային հարկից), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 13.6 մլրդ դրամով կամ 7.7%-ով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 24.0 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը):

 

Կոմիտեն հայտնում է, որ 2024 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 1 տրլն 349.8 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 162.2 մլրդ դրամ։ Արդյունքում հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 187.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 84.1 մլրդ դրամով կամ 7.6%-ով:

 

Եթե դիտարկենք 2023 թվականի առաջին կիսամյակի կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի առաջին կիսամյակի ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 60.1 մլրդ դրամով կամ 5.3%-ով», - ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում: