Երեքշաբթի, 9 Հուլիսի 2024 17:47
Նաիրա Բադալյան

Կցորդ. Մոտ 1000 հայկական բեռնատարներ սպասում են «Լարսով» անցնելուն

Կցորդ. Մոտ 1000 հայկական բեռնատարներ սպասում են «Լարսով» անցնելուն

Արմինֆո.Շուրջ 1000 բեռնատարներ սպասում են «Վերին Լարս» անցակետով անցնելուն՝ ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:

 

Ավելի վաղ սոցիալական ցանցերում և ֆորումներում օգտատերերը հաղորդել էին սահմանին բազմակիլոմետրանոց հերթերի մասին։ Այսօր ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում հաղորդվել էր, որ ավելի քան 3 հազար բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանով անցնելու՝ "Վերին Լարս" անցակետում:

 

Մաքսային կցորդի հավաստմամբ՝ խցանումները պայմանավորված են մարդատար ավտոմեքենաների թվի զգալի աճով, որոնք այս օրերին հատում են Ռազմավիրական ճանապարհը: <Բայց այս պահին, կարելի է ասել, իրավիճակն արդեն կարգավորված է, և հերթերը գրեթե վերացել են>, - նշել է նա:

 

Ներկայում շուրջ 500 հայկական բեռնատարներ գտնվում են ՀՀ-ՌԴ ուղղությամբ, որոնց մի մասը Վրաստանի տարածքում է, իսկ մյուս մասն արդեն ձևակերպում է անցնում «Վերին Լարս» անցակետում: Նույնքան բեռնատարներ են սպասում հակառակ ուղղությամբ անցնելուն։

 

"Այս պահին երթևեկության սահմանափակումներ չկան, և հայկական բեռներն անարգել անցնում են մաքսային ձեւակերպում", - վստահեցրել է Վահան Հակոբյանը:

 

Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգ" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին գործող միակ անցակետն է։