Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2024 11:19
Ալեքսանդր Ավանեսով

Քննարկվել են "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի չորրորդ հատվածի կառուցման նախագծի մանրամասները

Քննարկվել են "Հյուսիս-Հարավ" ճանապարհային միջանցքի չորրորդ հատվածի կառուցման նախագծի մանրամասները

Արմինֆո.«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և հիմնադրամի աշխատակիցները հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հետ։

 

Հիմնադրամի հաղորդագրության համաձայն, քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակը և առաջիկա գործողությունները։

Մասնավորապես‚ անդրադարձ է եղել գնումների պլանին‚ նախատեսվող մրցութային գործընթացներին‚ նախագծային‚ ծրագրի կառավարման և այլ հարցերի։

 

Աղբյուրը հիշեցնում է‚ որ Սիսիան-Քաջարան շուրջ 60կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 27.12կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, 8.65կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, 24.25կմ երկարությամբ Հարավային ենթահատված: Հարավային ենթահատվածը նախատեսվում է կառուցել ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2024թ. մայիսի 15-ին ստորագրվել է 236 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր: