Արմինֆո.Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, պաշտոնական Երևանը չի հետևի Բաքվի օրինակին և ցանկություն չի հայտնի միանալու BRICS-ին։ Նման կարծիք է հայտնել տեխնոլոգիաների, էներգետիկայի եւ մետաղների ոլորտում ներդրող Դիփ Բարոտը (Deep Barot)՝ Twitter-ի իր միկրոբլոգում:
Նրա ասելով՝ BRICS-ին միանալու Ադրբեջանի այսօրվա ցանկությունն իրականում Հնդկաստան-Իրան-Ռուսաստանի միջու Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) պաշտոնական մասնակցության հավակնությունն է: "Ադրբեջանցիները պատրաստ են առաջարկել ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Ռուսաստանի և Իրանի միջև՝ շրջանցելով Կասպից ծովը։ Հայաստանում արեւմտամետ կառավարության առկայության եւ BRICS-ին անդամակցելու կամ INSTC-ի հետ նրանց երկաթուղային ցանցի ինտեգրման վերաբերյալ հակընդդեմ առաջարկների բացակայության դեպքում Ադրբեջանը կարող է անդամակցել դրան", - կարծում է Բարոտը։
Ընդ որում, նա վստահ է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Ադրբեջանին առնչվող իրավիճակը ռիսկային է՝ հաշվի առնելով թե Իրանի, թե Հնդկաստանի հետ երերուն հարաբերությունները։ "Ադրբեջանը ստիպված կլինի աշխատել ինչպես Իրանի, այնպես էլ Հնդկաստանի հետ բարյացակամ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Սակայն, քանի դեռ Փաշինյանի կառավարությունը մնում է իշխանության ղեկին, քիչ հավանական է, որ Հայաստանը հակընդդեմ առաջարկ ներկայացնի կամ միանա BRICS-ին։ Համանման իրավիճակ է եվրոպամետ Վրաստանի պարագայում։ Շատ հետաքրքիր իրադարձություններ են տարածաշրջանում", - ամփոփել է նա։
Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, հուլիսի 3-ին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ժամանակ ընդունվել է Ադրբեջանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր: Հռչակագրում ասվում է, որ Ադրբեջանը ցանկություն է հայտնում անդամակցել BRICS-ին, և Չինաստանը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը BRICS-ի շրջանակներում համագործակցությանը:
Ավելի ուշ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան BRICS-ի խորհրդարանական համաժողովի նիստում ելույթի ժամանակ նշել է, որ Ադրբեջանն արդեն ցանկություն է հայտնել դառնալ BRICS-ի լիիրավ անդամ: Քաղաքական դիտորդները կարծում են, որ BRICS -ին Ադրբեջանի անդամակցությունը կնպաստի նաև Հայաստանի և Հնդկաստանի ռազմաքաղաքական կապերի չեզոքացմանը և կուժեղացնի Հայաստանի փաստացի դիվանագիտական մեկուսացումը՝ որպես մի երկրի, որից ոչինչ կախված չէ: