Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2024 12:31
Նաիրա Բադալյան

7 ամսում մաքսայինները կանխել են շուրջ 340 կգ ընդհանուր քաշով մաքսանենգ դեղերի ներմուծումը Հայաստան

7 ամսում մաքսայինները կանխել են շուրջ 340 կգ ընդհանուր քաշով մաքսանենգ դեղերի ներմուծումը Հայաստան

Արմինֆո. ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է  պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքերի տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող «GAZ»  մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ  մաքսային ծառայողի հարցին արդյո՞ք ավտոքարշակում  առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել:  

«Մաքսային ծառայողի մոտ, սակայն կասկած է առաջացել, որ  նշված մեքենայով մաքսային հսկողությունից թաքցված ապրանք է տեղափոխվում։ Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է ռենտգեն տեսազննման կայան, որտեղ կատարված ռենտգեն հսկողության արդյունքում կասկածելի պատկեր է նկատվել: Ավտոքարշակն ուղարկվել է խորը զննման անգար և  ենթարկվել  մաքսային զննման, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված թաքստոցներից  հայտնաբերվել են ընդհանուր 61 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր։

Դեպքի առնչությամբ կազմվել է   մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։

Նշենք, որ  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Բագրատաշեն» մաքսային անցման կետում մաքսային ծառայողների կողմից 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում կանխվել է  մոտ 340 կգ քաշով դեղորայքի ապօրինի ներմուծման 16 դեպք», - ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրությունում։