Արմինֆո. Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդում է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Հայկական կողմը իրականացնում է բուսասանիտարիայի խստացված վերահսկողություն՝ չթույլատրելով մրգի կամ բանջարեղենի արտահանումը։
Անհատ արտահանողներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե այդ նույն գյուղմթերքը չի համապատասխանում ստանդատներին, ինչու՞ է իրացվում հայկական շուկայում, ինչու՞ են հիշում լաբորատոր փորձաքննության մասին միայն արտաքին շուկա արտահանելու պարագայում։
Այս ամենի հետևանքով, բեռնատարները օրեր շարունակ կանգ են առնում Բագրատաշենի անցակետում, փչանում է հարյուրավոր տոննաների հասնող միրգն ու բանջարեղենը, ծանր դրության մեջ է հայտնվում առանց այդ էլ վարկերի տակ կքած գյուղացին։
Հարցի կապակցությամբ պատրաստվում եմ գրություն ուղարկել ՍԱՏՄ՝ պահանջելով պարզաբանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - գրել է Դանիելյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Հայաստանի մի շարք ԶԼՄ-ներում եւ TG-ալիքներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե, իբր, «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է հայկական մրգերի եւ բանջարեղենի ներկրումը: Մինչդեռ, "Ռոսսելխոզնադզոր" - ի ՝ հուլիսի 4-ին Հայաստանի ՍԱՏՄ ղեկավարին ուղղված նամակի տարածված սքրինշոթում նշվել է, որ 2024 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Ռուսաստան ներկրվող հայկական լոլիկում և խնձորում հայտնաբերվել է թունաքիմիկատների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 8 նոր դեպք ։ "Ռոսսելխոզնադզորը" մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և կրկնել է ծառայողական քննություն անցկացնելու խնդրանքը: Նա նաեւ հայտնել է այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվում են "վտանգավոր ապրանքների" մատակարարումը Ռուսաստան կանխելու համար: "Խնդրում ենք, 15.07.2024 թ. - ից հետևյալ մատակարարներին դադարեցնել ապրանքների մատակարարումը Ռուսաստան ՝ նախքան արդյունավետ միջոցներ ձեռնարկելը", - ասվում էր կառույցի ղեկավարի նամակում:
Ինքը ՝ տեսչական մարմինը, տեղեկացրել է, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի արտահանման խմբաքանակներում արձանագրվել են բուսասանիտարական խախտումներ, որոնց արդյունքներով հուլիսի 15-ից 16 ընկերության նկատմամբ լոլիկի և խնձորի ներկրման ժամանակավոր սահմանափակում է սահմանվել ։