Երկուշաբթի, 29 Հուլիսի 2024 15:04

Նոր հնարավորություններ փոքր գյուղացիական տնտեսությունների համար շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում

Նոր հնարավորություններ փոքր գյուղացիական տնտեսությունների համար շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում

Արմինֆո. Մեղվաբուծության գիտաարտադրական կրթական կենտրոն Լոռու մարզում,  մրգերի երկարատև պահեստավորման սառնարանային տնտեսություն և մշակաբույսերի սերմերի մաքրման և ախտահանման կենտրոն Գեղարքունիքում:  Այս և գյուղատնտեսական մի շարք այլ նախաձեռնություններ կյանքի կկոչվեն 2024 թ.-ի ընթացքում «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից: Այն իրականացնում են DAI Global UK (DAI) միջազգային ընկերությունը և իր հայաստանյան մասնաճյուղը AMPERA խորհրդատվական ընկերության հետ համատեղ: SIGMA-ի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: Ծրագիրը համագործակցում է մասնավոր ընկերությունների հետ և համատեղ ներդրումների միջոցով նպաստում է Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական  զբոսաշրջության զարգացմանը:

«SIGMA-ի և մասնավոր ընկերությունների համատեղ ներդրումային ծրագրերն առաջնահերթ նոր հնարավորություններ են ստեղծում փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Օգտվելով այս ծրագրերի արդյունքում մատուցվող ծառայություններից՝ նրանք հնարավորություն են ունենում բարելավել իրենց աշխատանքի արդյունավետությունը և մեծացնել եկամուտները: SIGMA-ի գործընկերները, իրենց հերթին, ձեռք են բերում եկամտի նոր աղբյուր ծառայությունների շարունակական մատուցման շնորհիվ», - նշում է SIGMA ծրագրի թիմի ղեկավար Կարեն Գևորգյանը:

 

SIGMA-ի ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքում ներդրվել է անձրևացման ինքնաշխատ ոռոգման համակարգ: Այն հնարավորություն է տալիս կրճատել ոռոգման ժամանակն ու ջրի կորուստը, նվազեցնել ջրի մակերեսային հոսքի և էրոզիայի հավանականությունը, ինչպես նաև բարձրացնել բույսերի մշակության տնտեսական արդյունավետությունը: Ծրագրի շրջանակում նույնատիպ ոռոգման համակարգ ներդրվել է նաև Վարդենիս համայնքում:

Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում մեղվաբուծության գիտաարտադրական կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ:  Կենտրոնը տրամադրելու է մեղվաբուծական արտադրանքի որակի ապահովման և վերամշակման, մարքեթինգային, ինչպես նաև մեղվաբույծների վերապատրաստման ծառայություններ: Լոռու մարզի մեկ այլ բնակավայրում՝ Գյուլագարակում, իրականացվող ծրագրի արդյունքում ս.թ. աշնանից սկսած գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել ագրոմեխանիզացիայի համապարփակ ծառայություններից: Վերջիններս ներառելու են հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակության բոլոր միջոցառումները: 

Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերի մաքրման և ախտահանման կենտրոնը Վարդենիս համայնքում պատրաստ կլինի շահագործման ս.թ. սեպտեմբերին: Այն հնարավորություն կտա էապես բարելավել օգտագործվող սերմերի որակը և բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը։ Աշնանը Գեղարքունիքում կգործարկվի նաև մրգերի երկարատև պահեստավորման սառնարանային տնտեսությունը։ Այն հնարավորություն կտա Վարդենիկի և հարակից 20 բնակավայրերի ֆերմերներին պահեստավորել կամ վաճառել իրենց գյուղատնտեսական արտադրանքը:

Ս.թ. մարտին մեկնարկած SIGMA ծրագիրը միտված է ապահովելու ավելի մեծ եկամուտ և ստեղծելու աշխատատեղեր Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի ֆերմերների և փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի տևողությունն է տասը տարի: Առաջին փուլի շրջանակում՝ 2024-2026 թթ.-ին, նախատեսվում է իրականացնել 21 համատեղ ներդրումային ծրագիր, 15-ը` գյուղատնտեսության, և 6-ը` գյուղական զբոսաշրջության ոլորտներում:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար դիմել SIGMA ծրագրի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Սոնա Թադևոսյանին՝ +37433927200, [email protected]: