Արմինֆո. Այսօր կառավարության հերթական նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, գործադիրը որոշում է կայացրել, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն -մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» N 2346-Ա որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Ծրագրի բաղադրիչ փուլերի որոշ ժամկետներ, ինչպես օրինակ առաջարկի հրավերի հայտարարման ժամկետը, քննարկվել է հայտատուների հետ։ Արդյունքում ստացվել են երկարաձգման հայտեր՝ հաշվի առնելով առաջարկի հարցման փուլի հայտերի նախապատրաստական աշխատանքների ծավալները, արձակուրդային սեզոնը, աշխատակազմերի պակաս հասանելիությունը։ Բացի այդ, գնահատող հանձնաժողովի նախապատրաստական նիստից հետո նախատեսված ոչ ուշ քան 55 աշխատանքային օր ժամկետը ոչ ուշ քան 75 աշխատանքային օր ժամկետով փոխարինելու առաջարկը ևս գնահատվում է անբավարար։ Որակավորված հայտատուներից ստացված կարծիքների հիման վրա նշված փաստաթղթերի վերլուծությունը պատշաճ իրականացնելու համար առաջարկվում է առաջարկի հրավերը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելու համար գնահատող հանձնաժողովի նախապատրաստական նիստից հետո սահմանել ոչ ուշ քան 95 աշխատանքային օր ժամկետ։ Ուստի կառավարության սույն որոշմամբ առաջարկվում է ողջամիտ օրերի քանակով ավելացնել վերոնշյալ ժամկետը։
Կառավարության հաղորդագրության համաձայն, Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է, թե առաջարկվող ժամանակացույցի համաձայն նոր ձևաչափով անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը երբ է նախատեսվում, ինչին ի պատասխան Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը պատասխանել է. «2025 թվականի մարտին, եթե պրոցեսն ամբողջովին հարթ ընթանա, կունենանք հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքում: Մինչև մեկ տարի ժամկետում, այսինքն՝ մինչև 2026 թվականի մարտը հաղթող գործընկերը կապահովի ենթակառուցվածքը. պետք է սերվերային տնտեսությունն ամբողջովին նորը լինի, ամբողջովին նոր արտադրական պրոցես պետք է կազմակերպի, հնարավորություն պետք է ունենա Երևանում և մարզերում գրասենյակներ ձեռք բերել, նոր աշխատակիցներ ունենալ և անցում կատարել ծառայությունների մատուցմանը»: Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Մենք կունենանք անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնք հնարավորություն են տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սահմանն անցնել այդ թվում՝ առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ, այդ թվում՝ եվրոպական սահմանին»:
Մհեր Գրիգորյանը թեմայի շրջանակում հիշեցման կարգով նշել է. «Պարոն Սանոսյան, օգտվելով առիթից՝ դա նաև նշանակում է, որ մենք մեր օդանավակայանում այսօրվանից պետք է մտածենք, թե ինչպես ենք կազմակերպում տեխնիկական հագեցվածության բարելավման գործընթացը, որպեսզի այդ թվում՝ բիոմետրիկ համակարգը լիարժեք գործի. ոչ թե որպես անձնագիր-բուկլետ, այլ որպես քաղաքացուն անձնագիր-ծառայություն մատուցող, որպեսզի այդ թվում՝ մեր օդանավակայանում այդ համակարգը լիարժեք գործի նոր անձնագրերի համակարգի ներդրման օրվանից»: