Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2024 13:22
Ալեքսանդր Ավանեսով

ՀԲ-ը Հայաստանին 92,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար

ՀԲ-ը Հայաստանին 92,3 մլն եվրոյի վարկ կտրամադրի պետբյուջեի պակասուրդը ծածկելու համար

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,3 մլն եվրոյի վարկ, եւս 16 մլն դոլար դրամաշնորհի տեսքով կհատկացվի Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի (GCFF) կողմից: "ՀՀ կառավարության եւ ՎԶՄԲ-ի միջեւ համաձայնագիրը վավերացնելու մասին" օրենքի նախագիծը հավանության է արժանացել օգոստոսի 8-ին կառավարության նիստում:

Ինչպես նշվում է օրենքի նախագծի հիմնավորման մեջ, բյուջեի աջակցության միջոցներն ուղղվելու են պետբյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Վարկային միջոցների ժամանակին ստացումը մեծ նշանակություն ունի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Երկկողմ կարգով համաձայնեցված գործողությունների որոշակի միջոցառումների և բարեփոխումների իրականացումը պարտադիր պայման է բյուջետային աջակցության միջոցներ ստանալու համար: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանն ու ադապտացմանը նպաստելը, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման նորմատիվային բազայի կատարելագործումը: Նախատեսվում է նաև միջոցառումներ իրականացնել հավասարության ամրապնդման և մարդկային կապիտալի զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի մայիսի 23-ին և 22-ին ստորագրված "Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն>" ֆինանսավորման համաձայնագիրը լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է ստեղծում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար: