Արմինֆո. Գնում ենք դեպի ճգնաժամ… «Ֆեյսբուքի» իր էջում նման կարծիք է հայտնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ Աղասի Թավադյանը՝ ներկայացնելով մի քանի մտահոգիչ տնտեսական միտումներ.
«2024թ․ առաջին եռամսյակի ՀՆԱ-ի 9.2% աճը առաջին հայացքից տպավորիչ է թվում, սակայն թվերի հետևում թաքնված է այլ պատկեր։
Այս աճի 4%-ը պայմանավորված է ոսկու վերաարտահանմամբ, որը սկսվել է դեռևս 2023թ․ նոյեմբերից և շարունակվել մինչև 2024թ․ մայիս։ Սա արհեստականորեն ուռճացրել է ՀՆԱ-ի և արտահանման ցուցանիշները։ Այս ոսկու տենդը ապահովել է կարճաժամկետ թանկարժեք էֆֆեկտ, որի մասին գրել եմ իմ կայքում։
Հետաքրքիր է, որ թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանումը Ռուսաստանից դեպի ԱՄԷ և Մեծ Չինաստան կազմել է 2024 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանի արտահանման 75%-ը, մինչդեռ մյուս հիմնական արտահանման ոլորտները, ներառյալ էլեկտրաէներգիան, անկում են գրանցել։
Այս ոսկու վերաարտահանումից ստացված հավելյալ արժեքի 4%-ը, որը վիճելի ճանապարհով վճարվել է պետական բյուջե, ապահովել է 2023թ․ 8.7% տնտեսական աճի մոտ 2%-ը, իսկ 2024թ․ առաջին եռամսյակում՝ 9.2% աճի 4%-ը։
Մտահոգիչ է, որ ոսկու վերաարտահանման «արտադրությունը» 4% նպաստում է ունեցել, առևտուրը՝ 3%, ֆինանսական ծառայությունները՝ 1.1%, մինչդեռ տնտեսության մնացած հատվածները -0.1% անկում են գրանցել։
Հարկ է նշել, որ 2022 թվականին ՀՆԱ-ի աճի հիմնական շարժիչ ուժը եղել է ուռճացված ֆինանսական հատվածը։ Այդ տարի Ռուսաստանից կապիտալի ներհոսքն աճեց 4.5 անգամ, իսկ բանկային համակարգի զուտ շահույթը՝ 3 անգամ։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է․ ունենք կապիտալի արտահոսք և ներհոսքի կրճատում։
Մեկ այլ մտահոգիչ միտում է նկատվում ՏՏ ոլորտում, որը հռչակվել էր որպես ռազմավարական ուղղություն։ 2022 թվականից Ռուսաստանից ռելոկանտների ներհոսքով այն ապահովում էր ՀՆԱ աճի շոշափելի հատված։ Սակայն այժմ այս հատվածը աճ չի ապահովում, ավելին՝ առկա է ՏՏ մասնագետների արտահոսք։
Այս միտումները ցույց են տալիս, որ մեր տնտեսությունը կախված է ժամանակավոր և արհեստական գործոններից։ Կարևոր է մշակել երկարաժամկետ և կայուն զարգացման ռազմավարություններ։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մենք պատրաստ ենք դիմակայել հնարավոր տնտեսական մարտահրավերներին», - հարց է տվել Թավադյանը։