Արմինֆո.Այս տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտը կրճատվել է մոտ 13%-ով։ Դրա հիմնական պատճառը, ինչպես կարծում է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, մեզ ընձեռնված հնարավորությունները բաց թողնելն է։
«Դեռևս 2022թ. մարտին աշխարհի լավագույն խորհրդատվական ընկերություններից մեկը Կենտրոնական Բանկի պատվերով Կառավարությանը ներկայացրեց 32 կետանոց ճանապարհային քարտեզ, որի իրականացումը ոչ միայն կպահպաներ ձեռք բերված հաջողությունները, այլև կստեղծեր բարենպաստ միջավայր, որ Հայաստան գային նորարարություններ ստեղծող ձեռնարկատերերը` իրենց հետ բերելով կապիտալ, աշխատատեղեր և բազմաթիվ տաղանդավոր ու բարձրակարգ մասնագետների։ Այն մարդիկ, ում հանձնարարվել էր այդ ճանապարհային քարտեզն իրագործել, որևէ կետ այդ ծրագրից չիրագործեցին։ Դրա արդյունքում մենք մեր ձեռքով Վրաստանին "նվիրեցինք" ՏՏ ոլորտ, որը 2022 թվականի սկզբին իսպառ բացակայում էր այնտեղ, իսկ հիմա չափերով գրեթե հավասար է Հայաստանի ՏՏ ոլորտին։ Ընդամենը երկու տարում։
Ավելի քան մեկ տարի առաջ իմ թիմը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որի ընդունելը կբացառեր այն անկումը, որն ունենք այսօր և կապահովեր մեր երկրի մրցունակությունը։ Դրա չընդունումը այսօրվա անկման գլխավոր պատճառն է։ Այժմ էլ մշակվում է փաթեթ, որը ևս չի ապահովելու մեր մրցունակությունը, և արդյունքում մենք կունենանք ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև հայկական ՏՏ կազմակերպությունների արտահոսք Հայաստանից», - գրել է Քերոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն, Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում է 50 հազար մասնագետ։ Հայաստանի ՏՀՏ ոլորտը 2023 թվականին ապահովել է 883.2 մլրդ դրամի հասույթ (ավելի քան 2.2 մլրդ դոլար), ինչը 54.8%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
ՏՀՏ գերիշխող հատվածն, ավանդաբար, ծառայություններն են՝ 68.6% (2022թ. - ի 77.7% - ի դիմաց) կամ 606.2 մլրդ դրամ մասնաբաժնով՝ տարեկան 36.7% աճով։ Ծառայությունների առյուծի բաժինը պատկանում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) հատվածին՝ 449.1 մլրդ դրամ, ինչը 52.4%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Հեռահաղորդակցության հատվածի ծառայությունների հասույթը կազմել է 148.3 մլրդ դրամ ՝ տարեկան 5.5% աճով: Ընդ որում, ՏՀՏ արտադրական հատվածի մասնաբաժինը տարվա ընթացքում նվազել է 0,5%-ից մինչև 0,1%, իսկ հասույթի ծավալը նվազել է 63,8% - ով' մինչև 972.1 մլն դրամ:
Փետրվարի վերջին Փարիզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի "Քաղաքական երկխոսության էլիտար ակումբում" ֆրանսիական մի շարք ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ֆինանսական իշխանություններն աշխատում են նաև ՏՏ հատվածի իրավական կարգավորման բարելավման ուղղությամբ, որպեսզի երկիրն ավելի գրավիչ դարձնեն տվյալ ուղղության ներկայացուցիչների համար:
ՀՀ կառավարությունը մայիսի 8-ին որոշում է ընդունել 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման շրջանակներում 2024 թվականին ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը գումար հատկացնելու մասին (ենթադրում է զգալի հարկային արտոնություններ, մասնավորապես, որոշակի պայմանների կատարման դեպքում եկամտահարկի կիսով չափ կրճատում) ։ Նախնական հաշվարկներով նախատեսվում է պետական աջակցություն ցուցաբերել 55 կազմակերպության՝ 5 մլրդ դրամի չափով, իսկ 2025 թվականին՝ 2 մլրդ դրամի չափով։
Փաստաթղթին կից պարզաբանման մեջ նշվել է, որ պետական աջակցություն է ցուցաբերվել 47 կազմակերպության, ընդհանուր առմամբ, վճարվել է 7 857 245 293 դրամ, որից 2023 թվականին 46 կազմակերպություն ստացել է 5 283 234 974 դրամ։ Արդյունքում՝ ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ ։