Չորեքշաբթի, 14 Օգոստոսի 2024 19:43
Նաիրա Բադալյան

Հայաստանում կրճատվում է STEM մասնագիտություններով սովորողների թիվը. ACSES

Հայաստանում կրճատվում է STEM մասնագիտություններով սովորողների թիվը. ACSES

Արմինֆո. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը STEM շրջանավարտների թիվն է՝ վերջին 10-ամյակում այն էականորեն նվազել է, կրթության որակի մասին էլ լռում եմ», -  «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը:

«2010-2022թթ-ին ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առաջին աստիճանի կրթական ծրագրերում STEM մասնագիտություններով ընդունվածների թիվը կրճատվել է շուրջ 30%-ով՝ 4.7 հազարից հասնելով 3.3 հազարի, ինչը, հիմնականում, պայմանավորված է տվյալ տարիքային խմբի բնակչության ընդհանուր թվի կրճատմամբ:

Թեև դիտարկվող ժամանակահատվածում STEM մասնագիտություններով ընդունվածների բացարձակ թիվը կրճատվել է, նրանց մասնաբաժինն ընդունվածների մեջ աճել է 2%-ային կետով՝ հասնելով 20%-ի:

Շրջանավարտների թվում STEM մասնագիտություններով ավարտածների մասնաբաժինը 2022թ-ին կազմել է 20%․ այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում է այնպիսի երկրների, ինչպիսիք են՝ Շվեդիան (19%), Ճապոնիան (18%), Նիդեռլանդները (17%), միաժամանակ, զիջում է Կորեային (32%), Էստոնիային (27%), Շվեյցարիային (24%), ինչը դրական ապագայի մասին որոշակի հույս է տալիս», - ամփոփել է Հայկազ Ֆանյանը։

Նշենք, որ այսօր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հաղորդել է երկրի ՏՏ ոլորտում լուրջ անկման մասին:  Facebook-ում նրա հայտարարության համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտը կրճատվել է մոտ 13%-ով։ Դրա հիմնական պատճառը  մեզ ընձեռնված հնարավորությունները բաց թողնելն է, կարծում է Քերոբյանը։

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ՏՀՏ ոլորտը 2023 թվականին ապահովել է 883.2 մլրդ դրամի հասույթ (ավելի քան 2.2 մլրդ դոլար), ինչը 54.8%-ով գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում է 50 հազար մասնագետ։ ՏՀՏ գերիշխող հատվածն, ավանդաբար, ծառայություններն են՝ 68.6% (2022թ. - ի 77.7% - ի դիմաց) կամ 606.2 մլրդ դրամ մասնաբաժնով՝ տարեկան 36.7% աճով։ Ծառայությունների առյուծի բաժինը պատկանում է  տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) հատվածին՝ 449.1 մլրդ դրամ, ինչը 52.4%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։  Հեռահաղորդակցության հատվածի ծառայությունների հասույթը կազմել է 148.3 մլրդ դրամ ՝ տարեկան 5.5% աճով: Ընդ որում, ՏՀՏ արտադրական հատվածի մասնաբաժինը տարվա ընթացքում նվազել է 0,5%-ից մինչև 0,1%, իսկ հասույթի ծավալը նվազել է 63,8% - ով' մինչև 972.1 մլն դրամ: