Արմինֆո. Երևանը կհյուրընկալի ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը:Ինչպես հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, ամենամյա այդ համաժողովն ընձեռում է պետական կառույցների, տարածքային կառավարման կազմակերպությունների, համաշխարհային և միջկառավարական մարմինների, գինու բնագավառի միջազգային փորձագետների միջև համագործակցության բացառիկ հնարավորություն՝ Հայաստանի գինեգործական մշակույթի զարգացման նպատակով:
Համաժողովի շրջանակներում հայ գինեգործները կներկայացնեն իրենց գինեգործական ժառանգությունը և փորձը: Համաժողովի ընթացքում մասնակիցները բացառիկ հնարավորություն կունենան ծանոթանալու Արենի-1 քարանձավին, որը մինչ օրս հայտնաբերված ամենահին գինեգործարանն է. այն 6100 տարեկան է:
«Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալել ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը: Ունենալով հազարամյա գինեգործության ավանդույթներ և հարուստ մշակութային ժառանգություն՝ Հայաստանը բացառիկ հնարավորություն ունի ցուցադրելու իր նորարարական փորձը և գինու բացառիկ մշակույթը: Այս համաժողովը եզակի հարթակ է համագործակցության, ուսուցման եւ գինու զբոսաշրջության վերաբերյալ համաշխարհային դիսկուրսի առաջխաղացման համար", - նշել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը:
ՄԱԿ-ում զբոսաշրջության շուկայի վերլուծության, քաղաքականության և մրցունակության գծով տնօրեն Սանդրա Կարվաոն, իր հերթին, նշել է, որ էնոտուրիզմը, սերտորեն կապված լինելով տարածաշրջանի մշակույթի և ինքնօրինակության հետ, վճռորոշ դեր է խաղում գյուղերի հնարավորությունների ընդլայնման և համայնքների զարգացման գործում ՝ նպաստելով տարբեր ուղղություններով զբոսաշրջային առաջարկների դիվերսիֆիկացմանը: "Համաժողովը ոչ միայն խթան է նոր գործընկերային հարաբերությունների եւ գիտելիքների փոխանակման համար, այլեւ մատնանշում է Հայաստանի հարուստ գինու ժառանգությունը, ժողովուրդն ու մշակույթը", - ընդգծել է նա:
Նշենք, որ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվար - հունիս ամիսներին Հայաստան է այցելել 964 հազար զբոսաշրջիկ, ինչը 4 տոկոսով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Ավանդաբար Հայաստանում հանգիստը նախընտրող զբոսաշրջիկների առյուծի բաժինը պատկանում է ՌԴ քաղաքացիներին (41%), որին հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (13%), Իրանից (7%), Հնդկաստանից (3%), ԱՄՆ-ից (2%), ինչպես նաև Ուկրաինայից, Ֆիլիպիններից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չինաստանից (1-ական տոկոս):
ՀՀ վիճակագրական տվյալների համաձայն, 2024թ. առաջին կիսամյակում Հայաստանը զգալիորեն կրճատել է գինու արտադրության ծավալները՝ տարեկան 38,5% - ով, մինչեւ 4,4 մլն լիտր։
ՀՀ մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականին Հայաստանը 7%-ով կրճատել է գինու արտահանումը՝ մինչեւ 4.4 մլն լիտր՝ մաքսային արժեքի 2.8%-ով, մինչև 18.3 մլն դոլար նվազման պայմաններում։
Հայկական գինու իրացման հիմնական շուկան, ավանդաբար, ռուսականն է, որի մասնաբաժինը 2022 թվի 78,8%-ից ավելացել է մինչեւ 83,2%՝ 2023 թվին։ Մեծ տարբերությամբ հաջորդում են ԱՄՆ-ը՝ 5 տոկոս մասնաբաժնով, Ֆրանսիան՝ 1,6 տոկոս, Բելառուսը՝ 1,3 տոկոս, Լիտվան, Իտալիան, Բելգիան (0,9 - ական տոկոս), Չինաստանը (0,8 տոկոս), Վրաստանը, Իտալիան, Լեհաստանը (0,4-ական տոկոս), Միացյալ Թագավորությունը (0,2 տոկոս): Մնացած ծավալը մատակարարվել է ճապոնական, ղրղզական, ղազախական, հունական, կանադական, լատվիական, իսրայելական, էստոնական, դանիական, գերմանական, ավստրալական, էմիրաթական, բուլղարական, հոլանդական, շվեյցարական, ուկրաինական, չեխական շուկաներ: Միանգամայն չնչին ծավալներ (1000 լիտրից պակաս) բաժին են ընկել Ֆինլանդիային, Շվեդիային, Թայվանին, Նորվեգիային, Իսլանդիային, Թուրքիային, Ավստրիային, Բրազիլիային, Պորտուգալիային, Իսպանիային, Սինգապուրին, Կուբային, Ուրուգվային, Մալթային և Բենինին ։