
Արմինֆո. Հայաստանում բոլոր ոչ հրապարակային և ոչ պետական հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին։
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի 5-ի նիստում գործադիրի հավանությանն են արժանացել «Ներդրումային ֆոնդերի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը:
Նախագծերի ընդունման արդյունքում ներդրումային ֆոնդերի ոլորտում կձևավորվի արդար և հավասար կարգավորման դաշտ, կհստակեցվեն ոչ հրապարակային ֆոնդերի ստեղծման, հետագա գործունեության և լուծարման ընթացակարգերը: Կսահմանվեն միջազգային լավագույն փորձին համապատասխան ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչների ստեղծման և գործունեության պայմանները: Կներդրվեն ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտ նվազագույն պայմանները՝ բավարար ճկունություն տալով ֆոնդերի կառավարման հարցում և հաշվի առնելով ֆոնդերի տարբեր տեսակների առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ վերահսկող մարմինը հնարավորություն կունենա իր գործիքակազմի կիրառմամբ իրականացնել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն՝ նվազեցնելով առկա և հնարավոր ռիսկերը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով սահմանել լրացուցիչ պահանջներ ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ՝ ներդրողների շահերի պաշտպանության, ֆինանսական կայունության ապահովման և տարաբնույթ այլ ռիսկերի զսպման նպատակով: Այս ամենը կնպաստի ներդրումային ֆոնդերի ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նախապայմանների ստեղծմանը: