Չորեքշաբթի, 11 Սեպտեմբերի 2024 12:44
Նաիրա Բադալյան

Հայաստանում կտուգանեն հարկային հաշվարկներում ոչ հավաստի տեղեկություններ ներառելու համար

Հայաստանում կտուգանեն հարկային հաշվարկներում ոչ հավաստի տեղեկություններ ներառելու համար

Արմինֆո.Հայաստանում վարչական պատասխանատվություն կսահմանվի հարկային հաշվարկներում ոչ հավաստի, ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՊԵԿ-ի նախաձեռնությունը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկել է խորհրդարանը՝ սեպտեմբերի 11-ին:

 

Ինչպես հայտարարել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, գործող օրենսգրքով սահմանված են հարկային հաշվարկներ չներկայացնելու համար պատասխանատվության միջոցներ, սակայն պատասխանատվության միջոցներ սահմանված չեն այն դեպքերի համար, երբ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները սխալ և ոչ հավաստի են լրացված:

 

Ինչպես պարզաբանել է Մանուկյանը, խոսքը տեղեկատվության մասին է, որը կապված չէ այդ հարկի  հաշվարկման հետ, բայց շատ կարեւոր է, եւ կապված է ապագայում այդ հարկատեսակի գծով հարկի հաշվարկման եւ հարկային մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների ու վերլուծությունների հետ:

 

Նախաձեռնության շրջանակում հստակեցվում է մաքսային և հարկային մարմինների կողմից ստուգման ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը: Մասնավորապես, առաջարկվում է նախազգուշացում սահմանել հարկային հաշվարկում առաջին անգամ ոչ հավաստի տեղեկատվություն ներառելիս։ Հետագայում' նախազգուշացում նշանակելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում խախտումը չվերացնելու դեպքում կսահմանվի տուգանք' նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Եվս մեկ ամիս անց տուգանքի չափը կհասնի նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի: Վարչական պատասխանատվություն չի առաջանում այն դեպքերում, երբ հարկ վճարողը ինքնուրույն ներկայացնում է շտկված հաշվարկները: