Հինգշաբթի, 12 Սեպտեմբերի 2024 12:09
Նաիրա Բադալյան

ՎԶՄԲ-ի վարկը թույլ կտա վերակառուցել Հայաստանի երեք էլեկտրաենթակայանները

ՎԶՄԲ-ի վարկը թույլ կտա վերակառուցել Հայաստանի երեք էլեկտրաենթակայանները

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, 40 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները, որոնք հանդիսանում են հանգուցային ընդհանուր ՀՀ էներգետիկ համակարգի անվտանգ և հուսալի էլեկտրամատակարարման ապահովման տեսանկյունից: Ենթակայանների օգտակար ծառայության ժամկետի երկարացման և անխափան շահագործման ապահովման համար անհրաժեշտ է, մասնավորապես, հնացած և ֆիզիկապես մաշված, շահագործման ռեսուրսները սպառած սարքավորումները փոխարինել նորերով: Ենթակայանների վերազինումը և արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև կկրճատվեն ենթակայանների շահագործման և պահպանման ծախսերը։