Արմինֆո.Նախորդ տարիների համեմատ այսօր Հայաստանում խաղողի մթերման գներն աաաճել են. այսօր շատ ձեռնարկություններ խաղողը ֆերմերներից գնում են 140-150 դրամով, ինչը բավականին բարձր գին է: Այդ մասին ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովի հարթակներում լրագրողներին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Այսօր խաղողի մթերման ամենացածր գինը, ըստ նրա, համապատասխանում է նախորդ տարի գրանցված ամենաբարձր գնին։ Նախարարն ընդգծել է, որ այժմ խաղողի մթերման գների աճի միտում է դիտվում ։
<Այս պահին, բարեբախտաբար, ֆերմերներից որևէ բողոք չունենք։ Մթերողները վճարումները ժամանակին կատարում են, քանի որ կառավարության նախաձեռնությամբ ընդունվել է օրենք, որը պարտավորեցնում է ձեռնարկություններին կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները մեկ ամսվա ընթացքում, մինչդեռ, նախկինում նրանք կարող էին դրանք կատարել կես տարվա ընթացքում, մեկ տարվա ընթացքում>, - ասել է նա ։ Նման օրենսդրական փոփոխությունները մեծապես հեշտացրել են ֆերմերների գործը՝ այն առումով, որ բացառել են հաջորդ սեզոնին նախապատրաստվելու համար գումար պարտք վերցնելու անհրաժեշտությունը ։
"Ես կարծում եմ, որ այս ոլորտում մենք ճիշտ քաղաքականություն ենք վարում եւ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ", - նշել է Պապոյանը:
Իր հերթին՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը նշել է, որ եթե նախկինում ներդրողները միջոցներ էին ուղղում գինեգործությանը, այսօր խաղողագործության, խաղողի այգիների հիմնման մեջ ներդրումների միտում է նկատվում, այդ թվում ՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ֆիլոքսերայի խնդիրը դեռևս արդիական է մեր երկրում: Իրավիճակը մշտադիտարկելու և ֆիլոքսերայի ազդեցությունը գնահատելու նպատակով Գինեգործության և խաղողագործության հիմնադրամը մտադիր է ստեղծել Հայաստանի խաղողի այգիների գրանցամատյան, որտեղ կներառվեն բոլոր անհրաժեշտ տվյալները:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ Հայաստանի խաղողի այգիների մակերեսը 2023 թվականին կազմել է 15 574 հա (տարեկան անկումը ՝ 3,6% ), բերքի տոննաժը ՝ 2 134 255 ցենտներ (տարեկան անկումը ՝ 5,4%), իսկ բերքատվության մակարդակը՝ 149 ց/հա (2022 թվականի 149.3 ց/հա - ի դիմաց) ։