Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում Ադրբեջանից գազի ներկրման կամ տարանցման հնարավորությունը:
<Մենք գազ ենք ներմուծում Ռուսաստանից, գազ ենք ներկրում Իրանից։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ հնչեցին այն մասին, որ ապագայում խաղաղության դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ տարանցիկ գազատարն անցնում է Հայաստանի տարածքով, օրինակ, դեպի Նախիջեւան եւ Թուրքիա, ապա նման տարբերակը բացառել չի կարելի", - հայտարարել է նա սեպտեմբերի 18-ին Երեւանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովում:
Հիշեցնենք, որ ս.թ. ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ ադրբեջանական գազ ստացող: <Պոտենցիալ Հայաստանը կարող է նաև ադրբեջանական գազ ստացող լինել, հատկապես՝ հաշվի առնելով Վրաստան մատակարարվող գազի շատ արտոնյալ գինը: Եվ մոտ լինելու, ենթակառուցվածքների տեսանկյունից, իհարկե, բնական կլիներ նման համագործակցություն ունենալ", - ասել էր Ալիևը։ Ըստ Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքը" դիտարկվել է ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլ՝ նաև որպես հաղորդակցության գծերի անցկացման պոտենցիալ երթուղի: "Դա, հնարավոր է, լինի, նույնիսկ, գազատար", - ասել էր նա:
Ալիևը պատմել է, որ Ադրբեջանն Իրանի հետ պայմանավորվածություն ունի Նախիջևան բնական գազ մատակարարելու համար: Բացի այդ, Բաքուն ֆինանսավորում է ևս մեկ խողովակաշարի կառուցումը, որը ադրբեջանական գազը Թուրքիայից կմատակարարի Նախիջևանի ինքնավարություն։ <Բայց դա նման է աջ ձեռքով ձախ ականջին դիպչելուն: Եթե այն (գազատարը) գնա Հայաստանի տարածքով, ապա դա շահավետ կլինի բոլորի համար, թույլ կտա տնտեսել շատ միջոցներ", - հավելել էր նա։